Հայերը նախընտրում են եվրոպական երկրները
EconomicsԱրտարժույթի փոխարժեքի այս տարվա ամառային տատանումներից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ից և Ռուսաստանից Հայաստան ժամանողների թիվն ավելի շատ է, քան հակառակ ուղղությամբ ճանապարհորդողներինը, իսկ Հայաստանից եվրոպա մեկնողների թիվը գնալով աճել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմել է 475,90 դրամ, եվրոյի փոխարժեքը կազմել է 528,07 դրամ, աճելով 2, 70 դրամի չափով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 577,06 դրամ, աճելով 1,39 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7,33 դրամ, որը նվազել է 0,13 դրամի չափով:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային հոսքերին, ապա հայերից շատերը շարունակում են իրենց ամառային հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում, քանի որ դրա համար ավելի քիչ գումար է հարկավոր: Ու թեև անցյալ տարվա համեմատ վրացական լարիի փոխարժեքը բավական ցածր է, փոխանակման կետերում այն վաճառվում է 170-176 դրամի սահմաններում, անցյալ տարվա 200 դրամի փոխարեն, բայց այս դեպքում փոխարժեքի նվազումը պայմանավորված է ոչ թե պահաջարկով, այլ ռուսական պատժամիջոցներով:
Ինչևէ, արձանագրենք, որ թեև Հայաստանում ամառային հանգիստն անցկացնողների թիվն անցյալ տարիների համեմատ աճել է, սակայն, ցավոք, այն չի օգնել, որ ծառայությունների ու սպասարկման գները նվազեն:
Հայաստան այցելության հիմնական խթանը երկրում տեղի ունեցած փոփոխությունները սեփական աչքերով տեսնելն է, սակայն կարոտի բումը հանդարտվելուց հետո շատերը ևս կսկսեն սեփական գումարներն այլ երկրներում ծախսելու ավելի ողջամիտ տարբերակներ փնտրել: Ուստի օր առաջ ծառայություն մատուցող ընկերությունները պետք է վերանայեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունների գները, այլապես կրկին կկանգնեն կոտրած տաշտակի առջև:
Արմինե Գրիգորյան