Դժբախտ դեպք Շիրակի մարզում․ կայծակի հարվածից կա զոհ եւ տուժած
Event of the dayԴժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի համայնքապետ Վասակ Ղազարյանը պատմեց, որ գյուղի երկու բնակիչ երեկ կայծակահարվել են, նրանցից 1954 թվականին ծնված Վանիկ Մելքոնյանը տեղում մահացել է, իսկ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Երկու հոգի են եղել, մեկը տեղում մահացել է, մյուսի ոտքին է կայծակը խփել, կարողացել է դուրս գալ, մոտ 100 մետր սողալով գնացել է, որից հետո մարդիկ զանգել են շտապօգնություն, այս պահին հիվանդանոցում է։ Դեպքը եղել է մոտավորապես ժամը 17.00-ի սահմաններում, իրենց անասուններն էին արածացնում, անձրեւ է եղել, պատսպարվել են հին շինության ներսում, այդ րոպեին կայծակը խփել է։ Երկուսն էլ 65 տարեկան էին, ամուսնացած էին, երկուսն էլ 3 երեխա ունեն»,–նշեց համայնքապետը։
Նա, սակայն, նշեց, որ նախկինում նման դեպք չէր գրանցվել, սա առաջին դեպքն է։