Հոնկոնգում ցուցարարները տանսպորտային կոլապս են ստեղծել
International newsԵրկուշաբթի առավոտյան Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի հազարավոր հակառակորդներ համաքաղաքային գործադուլով խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը, որին ակնկալվում է ավելի քան 500 հազար քաղաքացիական ծառայողների մասնակցություն, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաեւ խափանել են ռելսային տրանսպորտի եւ ավտոբուսների երթեւեկությունը, որպեսզի կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր: Ցույցերն անդրադարձել են նաեւ Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որտեղ կգործի միայն մեկ թռիչքա-վայրէջքային ուղի:
Ակցիայի քննադատները հայտարարում են, որ բիզնեսի բոլոր ոլորտների՝ ռեստորաններից մինչեւ ավիացիա, աշխատանքի այսպիսի մեծածավալ խափանումը ահռելի վնաս կհասցնի Հոնկոնգի հեղինակությանը, որը հպարտանում է իր կայունությամբ եւ ծառայությունների համաշխարհային մակարդակով:
Ցուցարարների պահանջները չեն փոխվել. նրանք հանդես են գալիս արտահանձնման մասին օրինագծում փոփոխությունները ամբողջական հետ կանչելու եւ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների քննություն անցկացնելու օգտին:
Հերթական ակցիան անցկացվում է այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին շրջանում կրկին տեղի են ունեցել ցուցարարների եւ ոստիկանների բախումներ, որոնք ավարտվել են արցունքաբեր գազի կիրառմամբ եւ կալանավորումներով: