Արցախի բնությունը ևս փոքր ՀԷԿ-երի կողմից ասպատակության է ենթարկվում (լուսանկարներ)
AnalysisՊարզվում է, ինչպես Հայաստանում են անխնա վարվում բնության հետ, այնպես էլ Արցախում: Այնտեղ ևս, արդեն մի քանի տարի է հանրապետության բոլոր ջրառատ և կենսական նշանակություն ունեցող գետերի վրա մեծ թափով փոքր հզորությամբ Հիդրոէլեկտրակայաններ են կառուցում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դրանք հիմականում կառուցապատվում են բնապահպանության նորմերի կոպիտ խախտումներով և արդեն իսկ հանգեցրել են մի շարք տարածքների գետերի հուների չորացմանը: Եվ այն տպավորությունն է, թե այդ վայրերով երբեք էլ ջուր չի հոսել:
Հետաքրքիր է, որ զարմանալի զուգադիպությամբ Հայաստանում և Արցախում գետերի հանդեպ վայրի վերաբերմուքը նույնն է: Նույնն է նաև կառուցապատողների անտարբեր վերաբերմունքը, որոնք իմանալով, թե ինչ ավերածությունների են մասնակցում, այնուամենայիվ, առանց վարանելու, շարունակում են բնությանը վնաս հասցնելով շինարարություն անել: Եվ տպավորություն է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը չգիտես ում կողմից հայտնվել է բնության ասպատակության ալիքի տակ ու անխնա ոչնչացվում է:
Ներկայացված նկարներում պարզ երևում է, թե երբեմնի ջրառատ գետերից ինչ է մնացել և ինչպես է խողովակների մեջ կորել կենսատու գետի ջուրը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գետերի այն հատվածներում, որտեղ փոքր ՀԷԿ-եր են կառուցվել, ջրի հիմնական մասը հոսում է խողովակների միջով, հսկայական տարածքներ զրկելով խոնավությունից: Արցախի ջրային ռեսուրսների հանդեպ ևս նման անմարդկային մոտեցումը ևս արդեն իսկ հանգեցրել է երբեմնի փարթամ կանաչի մեջ պարուրված հովիտների չորացման:
Այս ամենին եթե հավելենք համաշխարհային գլոբալ տաքացման տենդենցները, ապա պարզ կդառնա, որ գետերի չորացմանը կհաջորդի այդ տարածքում առկա բույսերի, ծառատեսակների, կենդանիների աստիճանական վերացումը: Ավելորդ ենք համարում խոսել գետի ձկնատեսակների մասին, քանի որ արցախցիների ահազանգերից պարզ է դառնում, որ դրանց հիմնական պաշարներն արդեն իսկ անհետացել են:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս անրադարձել է բնապահպանական աղետալի վիճակին: Կուսակցությունը նաև իր առաջ խնդիր է դրել ամենայն լրջությամբ ու հետևողականորեն պայքարել այս էկոլոգիական աղետը չեզոքացնելու ուղղությամբ:
Orer.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ցավով են արձանագրում, որ համաշխարհային մասշտաբով վերականգնվող էլեկտրաէներգիայի տեսակ համարվող ՀԷԿ-երի ոլորտը Արցախի Հանրապետությունում դարձել է էկոլոգիական չարիք:
«Կարելի է ՀԷԿ-երի աշխատանքն օրենսդրորեն այնպես կարգավորել, որ էկոլոգիական անվտանգության վրա չազդի: Այդ դեպքում գետերը շատ արագ կրկին կվերականգնեն իրենց ձկնային պաշարները: Փոքր ու միջին գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պետք է 4 ամիս աշխատեն, երբ գետերը համեմատաբար ջրառատ են, տարվա մնացած ամիսներին դրանք պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, այլապես տարիներ անց բնությանը հասցված վնասն այլևս հնարավոր չի լինի վերականգնել»,- ասաց Հ. Հակոբյանը:
Արմինե Գրիգորյան