Սամվել Բաբայանը վերջնականապես մարգինալացվեց
AnalysisԱրցախում համահայկական օրակարգով կայացած հանրահավաքը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետաքրքական հանգրվան ունեցավ:
Այս տարի համահայկական խաղերի բացման արարողությունը նախատեսված է Ստեփանակերտում և այն լավ առիթ էր Հայաստանի ու Արցախի առաջնորդների համար հանրահավաքային ձևաչափով անդրադառնալու համահայկական օրակարգի կարևոր դրույթներին:
Ստեփանակերտից հաղորդվող, ինչպես նաև՝ ուղիղ եթերներով ապահովվող կադրերով տեսանելի էր, որ հավաքը բազմամարդ էր, տարբեր հաշվարկներով 7-8 հազար մարդ էր մասնակցում: Հավաքին մեծ թիվ էին կազմում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության անդամները, ովքեր կուսակցական շապիկներով ու դրոշներով, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի «բարի գալուստն ավետող» տրաֆարետներով դիրքավորվել էին հրապարակի կենտրոնական հատվածում:
Ինչպես մեկ օր առաջ հայտարարվել էր, հավաքին փոքր՝ 500-600 խմբով, մասնակցում էին նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները, որոնց ներկայությունը հրապարակում տարբեր միջադեպերի հանգեցրեց:
Խնդիրը սկսեց նրանից, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների բեմ բարձրանալու ընթացքում, Բաբայանի կողմնակիցները սկսեցին վանկարկել՝ «Բաբայան, Բաբայան, Բաբայան»: Ավելի ուշ, այդ բացականչությունները կրկնվեցին ինչպես Բակո Սահակյանի, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթների ընթացքում:
Հանրահավաքի մասնակիցներից փորձեցին սաստել, ըստ էության, սադրանքի փորձ կատարող փոքրիկ խմբին, սակայն դա ավելի շատ ռիսկ ստեղծեց, որպեսզի իրավիճակը վերածվի հրմշտոցի: Խնդրին ստիպված միջամտեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը, ով հորդորեց սադրիչներին «տեղավորվել» հավաքի օրակարգի մեջ:
Ասել, որ անկանխատեսելի, չսպասված սադրանք տեղի ունեցավ՝ ազնիվ չենք լինի: Իրականում ինչպիսին եղել է Սամվել Բաբայանը 90-ականների երկրորդ կեսին, ինչպիսին նրա հայտարարություններն էին վերջին ամիսներին, այդ վարքին էլ համահունչ միջադեպ հրահրեցին այսօրվա միջոցառման ժամանակ:
Իր այս վարքագծով Բաբայանը վերջնականապես դուրս հրվեց քաղաքական արենայից՝ համալրելով մարգինալների շարքը: Ի դեպ՝ թեև անուղղակի, սակայն իր տեքստում Բաբայանին անդրադարձավ նաև Փաշինյանը, նշելով՝ «բոլոր այն անհատներն ու ուժերը, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոց նետվեն»:
Սա Սամվել Բաբայանի՝ իշխանությանը բռնությամբ հասնելու վերաբերյալ ՀՀ-ից հնչած թերևս ամենակոշտ ու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունն էր:
Սրանից առաջ, Բաբայանի մտադրություններին արձագանքել էին Արցախի Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:
Հավաքն ավարտվեց, որից հետո սկսվեց համերգային ծրագիրը, իսկ վաղը, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անունը կրող մարզադաշտում, տեղի կունենա Համահայկական խաղերի բացման արարողությունը, որին երկու երկրների ղեկավարներից բացի կմասնակցեն մեծ թվով երկրների պաշտոնական պատվիրակություններ: