ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում ՀԱՊԿ-ից. Ստոլտենբերգ
International newsՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ստոլտենբերգը բանավեճի է մասնակցել տեղի հետազոտական կենտրոններից մեկում: Մասնակիցներից մեկը հարց է տվել՝ ՀԱՊԿ-ն էական սպառնալիք ներկայացնում է արդյոք ՆԱՏՕ-ի համար: «Ոչ, եւ մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ կազմակերպություն չէ: Առանձին երկրներ ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Մենք այն չենք դիտարկում որպես մեր դեմ ուղղված: Ռուսաստանը մտնում է կազմակերպության մեջ, բայց մենք ոչ մի անմիջական սպառնալիք չենք տեսնում դաշնակիցներից որեւիցե մեկի դեմ»,- պատասխանել է Ստոլտենբերգը:
Ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ԱԳ նախարարները ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին կոչ են արել երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև ստեղծել կանոնավոր կոնսուլտացիաների մեխանիզմ: ՀԱՊԿ-ում նաև կոչ են արել ՆԱՏՕ-ին՝ ավելի սերտ համագործակցություն հաստատել թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: