ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը դարձավ 95 տարեկան
CultureԱյսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, սիրված արվեստագետ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: Նա նշում է իր 95-ամյակը: Անցյալ տարի սիրված արվեստագետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Ավելի վաղ՝ 2003 թվականին Մանարյանը արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։
Երկար տարիներ եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1988 թվականին հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն է։ Շնորհաշատ ու տաղանդավոր արտիստ Երվանդ Մանարյանը նկարահանվել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ԱՄՆ-ում Կանադայում և մի շարք այլ երկրներում: Իր տաղանդի շնորհիվ նա կարողացել է մշտապես գերել հանդիսատեսին, իսկ ֆիլմերում կերտած նրա կերպարները դաձել են ժողովրդի համար հարազատ:
Նա երբեք չի խուսփել շփվել հասարակ մարդկանց հետ, մշտապես ջերմ ժպիտով է արձագանքել բոլորին: Տեսակով բարի ու ստեղծագործող Մանարյանը գրել է նաև սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Orer.am-ը շնորհավորում է սիրված դերասանին ծննդյան օրվա կապակցությանմ և մաղթում առողջություն, ուժ և հոգու տոկունություն: