Ահազանգ. քոլեջի աշխատակիցները հրավիրում են վարչապետի և իրավապահների ուշադրությունը
SocietyԿրթության ոլորտում խնդիրների պակաս չկա: Հիմա էլ Հայ-հունական պետական քոլեջի դասախոսներն են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԿԳ նախարարին, իրավապահներին:
Դասախոսները նման քայլի դիմել են, քանի որ ԿԳՄՍ սուպերնախարարությունում իրենց ահազանգերն անտեսվել են: Այդ պատճառով էլ որոշել են հարցի վրա ՀՀ վարչապետի ու իրավապահների ուշադրությունը հրավիրել:
Բոլորին է հայտնի, որ նախորդ իշխանությունների ժամանակ ոլորտը խիստ կուսակցականացված էր, իսկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ, որտեղ կարողացել, իր կուսակից ընկերներին էր տեղավորել: Նրա ղեկավարման ժամանակ, նույնիսկ որոշ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերն էին հասցրել դատարկել, որպեսզի օտարվեն, բայց իշխանափոխությունը նախկին նախարարի որոշ ծրագրեր ձախողեցին, իսկ նոր իշխանություններն էլ նման խնդիրների չեն անդրադառնում:
Այն, որ մեր աշակերտները տարբեր առարկաներից մեդալներով ու պատվոգրերով են վերադառնում, ամենևին էլ ԿԳՄՍ ձեռքբերումը չէ: Աշակերտները դրան հասնում են ուսուցիչների ու ծնողների համառ ջանքերի շնորհիվ: Բայց, զարմանալի է, որ տպավորություն է ձևավորվում, թե դրանում իր մեծ ներդրումն են ունեցել ոլորտի ղեկավարները:
Կրթական հաստատություններից մեկից հնչեցվող հերթական անառողջ մթնոլորտի մասին ահազանգը պետք է որ սթափության կոչ լինի, բայց զարմանալին այն է, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն չի շտապում նման ահազանգերին պատասխանել, այլև աչք է փակում կրթական ոլորտը կուսակցականացնելուն ուղղված արատավոր երևույթի վրա:
Ստացվում է, որ նա կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ նրան ամենևին էլ չեն հետաքրքրում ոլորտի խնդիրները: Հակառակ դեպքում Հայ-հունական պետական քոլեջի դասախոսների ահազանգերն այսքան ժամանակ անարձագանք չէին մնա:
Ի դեպ, սույն նախարարը եթե որևէ դպրոց կամ կրթական հաստատություն է թիրախավորում, անակնկալ այցելում է, բայց զարմանալի է, որ այսքան ահազանգերից հետո նա դեռ ժամանակ չի գտել անակնկալ այցով ուրախացնել նշված քլեջի տնօրենին և պարզել, թե իրականում ինչ է կատարվում հաստատության պատերից ներս:
Հուսանք, որ գոնե այս անգամ քոլեջի դասախոսական անձնակազմի նման հնչեղ ահազանգից հետո նախարար Հարությունյանը ժամանակ կգտնի հաստատության խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու և բարձրացված հարցերին լուծում տալու համար: Հակառակ դեպքում ևս մեկ անգամ կարձնագրենք, որ ոլորտում բարձիթողի վիճակը շարունակվում է, իսկ ոլորտի ղեկավարությունը դրանք լուծելու հարցերով պատշաճ չի զբաղվում:
Արմինե Գրիգորյան