Ազատ ոճի հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
SportԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշնեըը:
57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:
1/8 եզրափակիչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության հասավ չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 2։12 հաշվով զիջեց ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։
65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանըպայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 4։10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթեց չինացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատմամբ Անդրեասյանը առավելության հասավ 15։4 հաշվով։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվեց 1։6 հաշվով:
Իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց, և Անդրիասյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակիչում նա 5։2 հաշվով հաղթեց ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակիչում 6։4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ահմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։