Սանիթեքահաճո հայտարարություններն այլևս թրենդային չեն
AnalysisՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային քննարկման ժամանակ հանրությանը հնարավորինս մանրամասն ներկայացվեց, թե «Սանիթեք» ընկերությունն իրականում ինչ վարքագիծ է դրսևորում և որքանով է շահագրգռված իր կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում:
Պարզ ասած, անզեն աչքով էլ տեսանելի է, որ ընկերության տնօրինությունը ոչ թե ուզում է գործով զբաղվել, այլ որոշել է «մուկն ու կատու» խաղալ, բայց ձեռքի հետ էլ գումար աշխատել: Ավելին, իր չկատարած աշխատանքի դիմաց ցանկանում է նաև ավելացնել քաղաքապետարանից ստացվող գումարների չափը, ինչը ոչ միայն պայմանագրային պարտավորությունների խախտում է, այլև ոլորտում մենաշնորհային դիրքի չարաշահում:
Երևանի քաղաքապետը բազմիցս նշել է, որ իր համար ստեղծված իրավիճակին լուծում տալը դարձել է պատվի հարց և «Սանիթեքի» հետ, թե առանց «Սանիթեքի» Երևանի աղբահանության հարցը լուծվելու է հնարավորինս սեղմ ժամկետներում:
Այն, որ մայրաքաղաքային իշխանությունների դեմ հստակ սաբոտաժ է իրականացվում, որի վրա նաև իր ձեռքերն է փորձում տաքացնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, կրկին անզեն աչքով տեսանելի է: Մարությանի հանդեպ իրականցվող դեմարշին, նույնիսկ միացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մոռանալով, որ թե՛ ԱԺ-ում, թե՛ Երևանի ավագանիում այս դաշինքը փոշեկուլի էֆեկտի շնորհիվ հայտնվել:
Հակառակ դեպքում, ընտրություններին մասնակցած մյուս ուժերի նման բոլոր ցուցակներից դուրս կմնար ու դիվիդնտներ շահելու համար ինչքան էլ իշխանությունների դեմ սադրանքներն օգտագործեր, միևնույն է, ոչնչի չէր հասնելու: Թեև հիմա էլ, առանձնապես ոչինչ չեն կարողանում անել, բացառությամբ՝ սանիթեքահաճո որոշ հայտարարությունների, ինչն առանձնապես չի փոխում երևույթների հանդեպ երևանցիների պատկերացումները:
Ինչ վերաբերում է աղբահանության խնդրին, ապա պարզվում է, որ այդ հարցը շատ երկրներում կարող է քաղաքական սաբոտաժի գործիքի վերածվել, քանի որ դրանով ոչ միայն շատ հեշտ է հասարակության դժգոհության ալիքը կառավարել, այլև իր մեջ այլ վտանգներ է պարունակում՝ ուղղակի կարող է սպառնալ հանրության առողջությանը:
Ստացվում է, որ մեկ տարուց ավելի է գործ ունենք ոչ թե փչացած մեքենաների, վատ ճանապարհների ու անհասանելի աղբավայրի հետ, այլև հարցն այլ դաշտում է, որի գնահատակը հավանաբար իրավապահները կտան:
Մնում է հավելել, որ չնայած Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Խաժակյանի՝ քաղաքային իշխանությունների կողմից ղեկավարվող սանմաքրման և աղբահանությամբ զբաղվելու համար ձևավորված հիմնարկի աշխատանքի մասին վատատեսական կանխատեսումների, այնուամենայնիվ, քաղաքային իշխանություններին հաջողվում է ապացուցել, որ ամեն ինչ ոչ միայն հստակ կառավարվում է, այլև զրոյից քաղաքի կառավարման մոդելի հիմքն է դրվում, որպեսզի այլևս հնարավոր չլինի քաղաքապետարանի բյուջեի հաշվին թիթեռի կյանք ունեցող ծառ ու ծաղիկ աճեցնող ՍՊԸ-ներով գումարներ լվանալ, ինչը, բնական է, որ շատերին դուր չի գա:
Արմինե Գրիգորյան