Հիբրալթարի իշխանությունները մերժել են իրանյան նավթային լցանավը ձերբակալելու մասին ԱՄՆ-ի հարցումը
International newsՀիբրալթարի իշխանությունները մերժել են իրանյան Grace 1 նավթային լցանավը ձերբակալելու մասին ԱՄՆ-ի հարցումը՝ մեկնաբանելով իրենց որոշումը նրանով, որ նավը չի խախտում տեղական եւ եվրոպական օրենքները, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում կատարելով Gibraltar Chronicle-ին: Հիբրալթարի կառավարությունում պարզել են, որ Նահանգների դիրքորոշումն ուղիղ կապ ուներ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները պահպանելու հետ: Սակայն նմանօրինակ պատժամիջոցներ Հիբրալթարում եւ առհասարակ ԵՄ-ում չկան:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ռեժիմն արմատապես տարբերվում է ամերիկյան ռեժիմից:
Ի սկզբանե լցավանը ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ սահմանափակող միջոցառումները շրջանցելով՝ Սիրիա նավթ տանելու փորձի համար: Սակայն այնուհետեւ որոշվել էր ազատ արձակել նավը, քանի որ Թեհրանը գրավոր կերպով հավաստիացրել էր, որ բեռը չի տեղափոխվելու Սիրիա: Դրա հետ մեկտեղ մի շարք արեւմտյան ԶԼՄ-ներ նշում էին, որ իրականում Grace 1-ը ձերբակալելու փորձի հետեւում կանգնած է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հայտնի է Իրանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Ներկայումս լցանավը գտնվում է Հիբրալթարում՝ սպասելով նոր անձնակազմին: