«Լիդիանի» խնդիրը անկախություն ձեռք բերելու հարց է». Կարեն Վարդանյան
EconomicsԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, եթե Ամուսարը շահագործվի, ապա Նկոլ Փաշինյանը ոչ թե ռեյտինգային կորուստ կունենա, այլ իշխանության:
Նա համոզված է նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 70 %-ը ևս դեմ են այդ որոշմանը:
«Բայց քանի որ այդ 70 %-ի 30 %-ը պաշտոն են ստացել, կարող է ձայն չհանեն, բայց մնացածը հաստատ նորից փողոց են դուրս գալու: Փողոց դուրս եկածների հանդեպ իրականացվող ցանկացած ուժային գործողություն կարող է հանգեցնել իշխանության կորստի, որովհետև այնպես չէ, որ իշխանությունը շատ ամուր է, իսկ վարչապետի ռեյտինգն էլ շարունակում է բարձր մնալ: Այսինքն՝ սա կարող է նրա համար վերջի սկիզբը լինել»,- ասաց Կ. Վարդանյանը:
Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանի ջրային պաշարները, որոնք վերականգվող են, շատ ավելի թանկ են, քան ցանկացած այլ բնական պաշար: Այլ հարց է, որ ջրային պաշարները խելացի չեն կառավարվում և ՀԷԿ-եր ու մետաղական հանքեր շահագործելով վնաս են հասցնում ջրային պաշարներին:
«Ստացվում է, որ մի երկու կոպեկի համար այսօր մեզ զրկում ենք մեր ապագայից: Այդ պատճառով «Լիդիանի» խնդիրն անկախություն ձեռք բերելու խնդիր է: Եվ եթե չենք կարողանում այդ հարցը լուծել, ապա կշարունակենք մնալ կախվածության մեջ արտաքին աշխարհից:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի առջև դրված է անկախության խնդիր և ինքը պետք է ցույց տա անկախ երկրի՞ վարչապետ է, թե՞ միջազգային կորպորացիաների վասալային քաղաքկանություն վարող պետությունների չինովնիկ, որը սպասարկում է նրանց շահերը:
Սա կարևոր ջրբաժան է վարչապետի համար, որով կա՛մ կդառնա անկախ երկրի վարչապետ, կա՛մ կմնա պատմության մեջ, համալրելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շարքերը»,- ասաց Կ.Վարդանյանը:
Արմինե Գրիգորյան