Էլ ո՞ւմ կուսակցական կնիքն է օրվա հաց ապահովում
Blog
Զարմանալի բան է, երբ տեսնում ես, թե ինչպես են տասնյակ տարիներ առաջ հիմնադրված ու այդպես էլ տեսանելի գործունեություն չծավալած կուսակցությունների ղեկավարները լուրջ դեմքերով հանդիպում ԲՀԿ առաջնորդի հետ ու իրենց պատրաստակամությունը հայտնում միանալ «համաժողովրդական շարժմանը»:
Իսկ «պատրաստակամություն հայտնել» բառակապակցության ներքո պետք է հասկանալ ԲՀԿ-ի կարևորության, հզորության ու սկսած գործի վերաբերյալ մի քանի րոպեանոց հիացական էսսեն, որն արտասանում են ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Այդպիսին էր «Ազգային համաձայնություն» հորջորջվող կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի երեկվա ճառը` ուղղված ԲՀԿ-ին: Վերջին ամսվա ընթացքում նմանօրինակ անձինք ու ճառեր շատ են եղել:
Մինչդեռ այդպիսիք ընդամենը մարդ-կուսակցություններ են, որոնց վրայից այս կամ այն քաղաքական ուժը ժամանակ առ ժամանակ թափ է տալիս հնության փոշին` ինչ-ինչ հարցերում օգտագործելու համար: Իսկ այդ մարդիկ, ում միակ քաղաքական արժանիքը օրվա հաց ապահովող կուսակցական կնիքն է, մի պահ փորձում են իրենց կարևոր զգալ, բայց իրականում ընդամենն ի ցույց են դնում իրենց մարգինալությունը: