Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում
InterviewՕգոստոսի 19-ի կեսօրից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում, յուրաքանչյուր հարկը՝ 740 քմմ հրդեհ է բռնկվել։ Չորս օր շարունակ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում և պայքարում են, որ սառնարանային տնտեսությունում բռնկված հրդեհը մեկուսացվի:
Պարզելու համար, թե ինչու են աշխատանքներն այսքան երկար ընթանում Orer.am-ը զրուցել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանի հետ: Նա տեղեկացրեց, որ խնդիրը շինության առանձնահատկությունն է: Այն չունի պատուհաններ և հրդեհաշիջման աշխատանքները բավական բարդ պայմաններում են ընթանում:
«Այս պահին դժվար է ասել թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը: Դրա պատասխանը կտա հետաքննությունը, սակայն նշեմ, որ շինության պատերը մի քանի շերտից են բաղկացած՝ 5-6 բաղադրիչներից, որոնց մի մասը դյուրավառ նյութեր են: Պատերի արանքում կան ցանցային հատվածներ, փայտե կոնստրուկցիաներ և այլ շերտեր: Այրվում են երկու պատերի ներսի հատվածում եղած նյութերը, ինչը դժվարացնում է հրշեջների աշխատանքը:
Պատերի արտաքին շերտի վրա բացված անցքերից է կատարվում հրդեհաշիջում: Բարձր ջերմությունից ջերմահարվում և բոցավառվում են նշված հարկերի բոլոր դյուրավառ նյութերը: Կան նաև սենյակներ, որտեղ կահույք, փայտե կոնստրուկցիաներ, անվադողեր, յուղեր, տարբեր դյուրավառ նյութեր, որոնք ևս պատճառ են հանդիսանում, որ կրակը թեժանա»,- ասաց Ա. Ոսկանյանը:
Հրդեհաշիջման մարտավարությունն ընտրվել է այնպես, որ մի կողմից սառնարանային տնտեսությունը շատ մեծ կորուստներ չունենա, մյուս կողմից ոչ մի փրկարար ծառայող չտուժի: Աշխատանքերն իրականացվում են բարդագույն պայմաններում, քանի որ բացի այրվող պատերից տարածքն է մեծ:
Մյուս կողմից թանձր ծուխը և բարձր ջերմությունը թույլ չի տալիս, որ հրշեջները մուտք գործեն շենքի ներսի հատված և ներսից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնեն:
«Սառնարանային տնտեսության ամբողջ պատերը պատված են պենոպլաստե թաղանթներով, տոլով, որոնք ևս արագ այրվող նյութեր են: Մենք բոլոր միջոցներն ու ուժերը կենտրոնացրել ենք պատերի հովացման աշխատանքերի վրա, քանի որ ջերմությունն այդտեղից է դուրս գալիս:
Տնտեսվարող սուբյեկտները մեր օգնությամբ ինչքան հնարավոր է պահեստներից դուրս են բերում իրենց ապրանքները, իսկ մնացած վայրերում ինտենսիվ իրականացվում են շիջման աշխատանքները: Իջեցնում ենք նաև պատերի արանքի ջերմությունը, որպեսզի մյուս հարկերում ևս հրդեհ չբռնկվի»,- ասաց Ա. Ոսկանյանը:
Նշենք նաև, որ սառնարանային տնտեսությունը երեք առանձին շինություններից բաղկացած հինգհարկանի կառույցներից բաղկացած համալիր է: Այրվում են ձախ մասնաշենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը և աջ մասնաշենքի հինգերորդ հարկը:
«Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հովացման այնպիսի աշխատանքներ ենք իրականացնում, որ շենքը չփլվի: Բացի այդ, շինության սեյսմակայունությունը պահպանվի, որպեսզի հետագայում շենքը հնարավոր լինի օգտագործել: Ընտրված մարտավարության շնորհիվ թույլ չենք տալիս օդի ներթափանցում այրվող տարածք, որպեսզի աշխատանքներն է՛լ ավելի չբարդանան: Իրականում բավական դժվարին պայմաններում ենք աշխատում, բայց ընտրված մարտավարության շնորհիվ օջախները մարելով առաջ ենք շարժվում և շուտով հրդեհը լիակատար կմեկուսացնենք»,- ասաց Ա. Ոսկանյանը:
Գնդապետը վստահեցրեց նաև, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ յուրաքանչյուր օր 60-70 հրշեջ-փրկարար է աշխատել, բայց ևս մի քանի ժամ և կհայտարարվի, որ հրդեհն ամբողջովին մեկուսացված է:
Արմինե Գրիգորյան