Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց
AnalysisԻնչպես արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 8-ին կկայանա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը: Թեկնածուները 5-ն են՝ Դավիթ Սարգսյանը, որը ՍՊԸ-ի հիմանդիր տնօրեն է, զբաղվում է տների գնահատման գործով և քաղաքում ընկերների մեծ շրջանակ ունի, Արայիկ Ավանեսյանը, որը «Ինքնություն և միասնություն» կուսակցության հիմնադիրն է, «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղերից մեկի ղեկավարը, Գրիգորի Սահակյանը՝ նախկին հրետանավոր, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ասպետ, ով նաև ապրիլյան դեպքերին աչքի ընկավ որպես հրամանատար, Ստեփանակերտի գործող փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և «Արցախգազի» տնօրեն Արեգ Ավագյանը:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ավագյանի հույսը 500 հոգիանոց կոլեկտիվն է, մինչդեռ հիմնական պայքարն ընթանալու է Դավիթ Սարգսյանի և Գրիգորի Սահակյանի միջև:
Հիշեցնենք, որ, ի սկզբանե, որոշում էր կայացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չքաղաքականացնել: Բայց վերջերս պայմանավորվածությունը խախտվեց, և ՀՅԴ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ սատարում է Գրիգորի Սահակյանի թեկնածությունը:
Դաշնակցության այս հայտարարությունը, սակայն, կարծես, այնքան էլ ծափահարություններով չի ընդունվել Սահակյանի կողմնակիցների կողմից: Նրանց կարծիքով դա կարող է ավելի շատ ստվեր գցել իրենց թեկնածուի հեղինակության վրա: Այսինքն՝ դրանից վնասը կարող է ավելի շատ լինել, քան օգուտը:
Դաշնակցության հայտարարությունից հետո մյուս կուսակցությունները, որոնք մինչ այս պահը լռում էին, որոշել են ևս խախտել լռությունը և իրենք էլ հայտարարեն, թե քաղաքպետի որ թեկնածուին են սատարում:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ապա նա նույնպես մինչ այս պահը ձեռնպահ է մնացել հրապարակավ որևէ թեկնածուի սատարելու մասին հայտնելուց, սակայն չի բացառվում, որ նրա կողմից պահպանվող լռությունը ևս խախտվի: Ու թեև այդ լռության պատճառը կարող է Արցախի նախագահի ճամպրուկային տրամադրությունները լինել, բայց մյուս կողմից երկիրը տասը տարի ղեկավարած անձը դժվար թե անտարբեր կեցվածք ընդունի և կուսակցությունների հայտարարություններից հետո իր խոսքը կասի:
Ամեն դեպքում թեև տպավորությունն այնպիսին էր, որ Ստեփանակերտի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի ընտրությունները չեն քաղաքականացվի, բայց ինչպես երևում է դեռևս դժվար է պատկերացնել հայկական երկրորդ պետության մայրաքաղաքի ղեկավարի ընտրությունն առանց քաղաքական հենարանի:
Արմինե Գրիգորյան