Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը
SportՀամահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփելով Ստեփանակերտում մեկնարկած համահայկական 7-րդ խաղերը նշել է, որ չի կարող ասել, թե դրանք այլևս պատմություն են։
«Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնլորտը անցել են, ուզում եմ անկեղծ պատասխանել մի շարք հարցերի, որոնք այս ընթացքում բարձրացվել են մամուլով կամ ուղիղ տրվել են ինձ կամ իմ մեջքի հետևում հյուսվել որպես դավ ու պատվիրվել ինչ-որ լրատվամիջոցի։
Սկսենք հիմնականից. այո, Համահայկական խաղերը Արցախում անցկացնելը տասնապատիկ անգամ բարդացրեց դրանց կազմակերպումը և ուներ որոշակի ռիսկեր, որոնց մասին հրապարակային խոսել չի կարելի։ Բայց ռիսկի մյուս նժարին Արցախի ճանաչելիության, Արցախի միջազգային վարկի, Արցախում կյանքի ակտիվության, Արցախում համահայկական միասնականության ցուցադրման, եթե կուզեք՝ խաղաղ ուժի ցուցադրման խնդիրն էր։ Եվ այդ խնդիրը մենք փայլուն լուծեցինք։ Բոլորովս»,- ասել է Ի. Զաքարյանը։
Արցախին պարտադրված շրջափակումը ճեղքելու իրական ճանապարհը սա է, համոզված է կոմիտեի նախագահը։ Ուստի, իր համար ձևակերպվում է նոր խնդիր՝ ձևավորված կապերը դարձնել շարունակական և արդյունավետ, որը թեև բարդ ու գրագետ աշխատանք պահանջող խնդիր է, սակայն միասնական ուժերով անպայման հնարավոր կդառնա, քանի որ կան նոր գաղափարներ, նոր հետաքրքիր նախագծեր։
Պատասխանելով հարցին,թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստել նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն, նա նշել է, որ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։
«Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։ Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, կարևորել են գաղափարը, գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, այլ Արցախում և Երևանում այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է ծառայում, և իրենց նվիրատվություններով օգնել են։ Բացման արարողությանը պարգևատրվեցին նրանցից մի քանիսը, բայց ես հավատացնում եմ ցանկը շատ մեծ է՝ բազմաթիվ անհատներ առանց որևէ անձնական շահի աջակցել են՝ դիմացը ոչինչ չակնկալելով»,- ասել է Ի. Զաքարյանը։
Անդրադառնալով բուռն քննարկման դառարկա դարձած այն հարցին, թե ինչպես եղավ, որ իրեն կրկին վստահեցին համահայկական խաղերի կազմակերպումը, չէ՞ որ նա նախկին իշխանության ներկայացուցիչն է, նա նշել է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապապետական և աշխարհի տարբեր երկրներում գործող կառույցներից ձևավորվող մարմին է, և չորս տարին մեկ գլխավոր ասամբլեայում է որոշվում կադրային ու այլ հարցեր։
«Ես բացմանը հատուկ նշեցի, որ խաղերի գաղափարի իրագործման և կազմակերպչական հարցերում ունեցել եմ Հայաստանի և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը։ Եվ դա իսկապես այդպես է, դրանք ձևական խոսքեր չեն։ Այնպես, ինչպես ձևավորման օրվանից՝ հեռավոր 1999 թվականից, համահայկական խաղերը ունեցել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների աջակցությունը։ Առանց այդ ամենի հնարավոր չէր լինի ունենալ նման ծավալ, նման բովանդակություն և նման հեռանկար»,- ասել է Ի. Զաքարյանը։։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց , ովքեր ամեն ինչ արել են համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում փայլուն անցկացնելու համար։