ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
International newsԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել:
Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը:
Հանձնաժողովի «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է, որ Թրամփը պարտավոր է, ամերիկյան օրենքների համաձայն, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ այս երկիրը չի հրաժարվել ռուսական Ս-400 համակարգերի գնման ծրագրից:
Գրառման մեջ նշված է նաև, որ Թուրքիայի շահերը կարող են լավագույնս համընկնել ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերի հետ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
Օգոստոսի 27-ին սկսվել է Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային: