Ձկնային տնտեսությունների աշխատանքը խոշորացույցի տակ
EconomicsԿառավարությունն օգոստոսի 29-ի նիստում «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կկատարվի։
Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, այն կպարտավորեցնի Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններին, սահմանել այնպիսի խաղի կանոններ, որոնք հնարավորություն կտան չափել օգտագործված ջրի քանակը և դրա արդյունքում ստացված արդյունաբերական արտադրանքի քանակը։
«Առաջարկվում է սահմանել, որ իշխան ձկնատեսակի համար մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետք է տարեկան արտադրողն ապահովի 700 կգ արտադրանք, թառափի համար՝ 800 կգ արտադրանք։ Նպատակն այն է, որ խրախուսվի շրջանառն ու ջրի օգտագործումը կիրառելով այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք ներկայում հասանելի են»,- ասաց նախարարը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ջրօգտագործման թույլտվությունների ծավալը տարեկան մոտ 1 մլրդ 100 մլն խորանարդ մետր է և մոնիտորինգի ժամանակ կբացահայտվեն այն ջրօգտագործողները, որոնք 1 միավոր ջրով ավելի քիչ ձուկ են արտադրում, քան հնարավոր է արտադրել:
Օրենսդարական փոփոխություններից հետո ձկնարդյունաբերական ձեռնարկությունները ստիպված կլինեն վերանայել իրենց գործունեությունը, ինչը հնարավորություն կտա մի կողմից նվազեցնել օգտագործվող ջրի քանակը, մյուս կողմից բարձրացնել ձեռնարկության արդյունավերությունը:
Արմինե Գրիգորյան