Երբ կիսամյակը ամենևին էլ վեց ամիս չէ. ինչի՞ հետ է համեմատում իշխանությունը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ցանկացած իշխանություն պարբերաբար ներկայացնում է վիճակագրական տվյալներ, բնականաբար այնպիսիք, որոնք ձեռնտու են իշխանությանը, և ցույց են տալիս, թե ինչքան լավ են աշխատում իրենք:
Դեռ չենք խոսում վիճակագրական նկարչության մասին. դա բացարձակ «այլ օպերայից» է: Այդպես եղել է նախկին իշխանությունների օրոք, այդպես է հիմա, այդպես լինելու է նաև ապագայում: Սա բնական երևույթ է, ու այստեղ ո՛չ տարակուսելու, ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու բան չկա: Խնդիրն այլ հարթությունում է:
Նախ՝ ներկա իշխանություններն այդ գործով զբաղված են գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հիմնական PR միջոցը, ոչ ավելի, ոչ պակաս, հենց վարչապետի ֆեյսբուքյան էջն է: Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել»: Սակայն դրա արդյունքում, ինչպես նախկինում, հիմա էլ ձևավորվում են տարբեր Հայաստաններ՝ իշխանությունների Հայաստան ու ժողովրդի Հայաստան:
Այդուամենայնիվ, նույնիսկ դա չէ այս պահին ամենաէականը, քանզի տեղեկատվական հոսքերի մատուցման առումով հասկանալի է, որ վարկանիշի գահավիժումը հնարավորինս կասեցնելու, հասարակությանը «թեժ» պահելու, հիասթափվածների բանակը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է նաև «թվաբանություն»:
Հիմա՝ բուն խնդրի մասին: Վիճակագրության մեջ ընդունված է որևէ ժամանակահատված համեմատել նախորդ տարվա (նախորդ տարիների) համարժեք ժամանակահատվածի հետ:
Արտաքուստ այդպես է վարվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2019 թվականի առաջին վեց ամսվա տվյալները համադրում է անցած տարվա վեց ամիսների հետ: Արդյունքում մի շարք ցուցանիշներով իսկապես առկա է էական աճ, այդ թվում՝ թեկուզ թատրոն կամ թանգարան հաճախողների առումով: Բայց...
Հիմա հասկանանք, թե որքանով է 2018 թվականի առաջին վեց ամիսը իրականում հավասար... վեց ամսվա: Պարզվում է՝ միշտ չէ, որ վեցը հավասար է վեցի: Ի՞նչ վիճակում էր երկիրը անցած տարվա ապրիլ-մայիս (հունիսը՝ ձեզ նվեր) ամիսներին:
Ճիշտ է՝ ամբողջովին կաթվածահար՝ փակ ճանապարհներ, գործադուլներ, ցույցեր... Հիմա՝ այդ նույն երկու ամիսներին հնարավո՞ր էր թատրոնների ու թանգարանների համարժեք այցելություն, հնարավո՞ր էր տնտեսության համարժեք զարգացում:
Անշուշտ, հնարավոր չէր, ավելին՝ պարզապես անհնար էր: Ուրեմն, ստացվում է, որ ոլորտների մեծ մասի առումով անցած տարվա առաջին կիսամյակի պարագայում գործ ունենք ոչ թե վեց, այլ լավագույն դեպքում չորս ամսվա (էլի հունիսը՝ ձեզ նվեր) հետ: Այսինքն, վիճակագրական համեմատությունները կատարվում են այս տարվա վեց ամիսների և անցած տարվա 3-4 ամիսների միջև:
Ընդունեք, որ համարժեք համեմատություններ չեն, ավելին՝ հօգուտ ներկա կառավարության չեն, քանզի եթե նույնիսկ մի քանի տոկոս աճ կա ինչ-որ ոլորտում, ապա ստացվում է, որ մասնավորաբար Կարեն Կարապետյանի կառավարությունն առավել արդյունավետ է աշխատել այդ երեք ամիսների ընթացքում ու բնականոն ընթացքի դեպքում կիսամյակային տվյալներն առավել տպավորիչ կարող էին լինել:
Սա այնքան էլ ուրախալի փաստ չէ նոր իշխանությունների համար: Ըստ այդմ, ստացվում է, որ վարչապետին «ուրախալի» համեմատական վիճակագրական տվյալներ ներկայացնողները և դրանք հրապարակել խորհուրդ տվողները պարզապես «արջի ծառայություն» են մատուցում Փաշինյանին և նրա ամբողջ թիմին:
Ավելին, ոչինչ չասող են լինելու նաև տարեկան արդյունքները, քանզի 2019 թվականի 12 ամիսները, ուզենք, թե չուզենք, համեմատվելու են 2018 թվականի 9-10 ամիսների հետ (ըստ էության, ավելի քիչ, բայց համարենք այսպես):
Ու այս պարագայում նույնիսկ որևէ ցուցանիշի 10 տոկոսանոց աճը հավասար կլինի 0-ի, ինչը նույնն է, թե փաստացի նվազում ենք ունեցել, եթե հաշվի առնենք, որ այլևս, ինչպես հավաստում են իշխանությունները, չկան «թալանչիները», «կոռուպցիոներները», «ստվերում գործողները», «բանակից գողացողները»:
Իսկ եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ առանձին ճյուղերում նույնիսկ նման համեմատության մեջ ենք անկում ունեցել, ապա պատկերն առավել պարզ կլինի: Թեպետ պատկերն, այսպես, թե այնպես, պարզ է բնակչության մեծամասնության համար, ովքեր պարզապես ուզում են, որ իրենց կյանքը գոնե այնքան տոկոսով բարելավվի, ինչքան դրական տոկոսներ ցույց է տալիս վարչապետը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում