Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է․ այս տարի առաջին դասարան կհաճախի մոտ 42․000 աշակերտ
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարան կհաճախի նախնական տվյալով 42 հազար աշակերտ։ Թիվը դեռ ճշգրտվում է, կհստակեցվի վաղը։
Այսօր դասապրոցես չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Այս ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: