Ուժի մեջ են մտել ներմուծված ապրանքների համար ԱՄՆ-ի եւ Չինաստանի սահմանած հավելյալ մաքսատուրքերը
EconomicsԿիրակի ուժի մեջ են մտել հավելյալ մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին Չինաստանից եւ ԱՄՆ-ից ներկրված ապրանքների համար երկու երկրներում, ինչը առեւտրային պատերազմի էսկալացիայի վերջին դրսեւորումն էր՝ չնայած սպասվող բանակցությունների բոլոր նախանշաններին, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն մաքսատուրքերի նոր փուլին՝ Չինաստանը սահմանել է 5-տոկոսանոց մաքսատուրք ԱՄՆ-ի հում նավթի համար. վառելիքն առաջին անգամ թիրախավորվել էր մաքսերի սահմանման տեսանկյունից երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմի սկզբում:
Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կսկսի հավաքագրել չինական ներկրված ապրանքների համար 15-տոկոսանոց մաքսատուրքերն ավելի քան 125 մլրդ դոլար ընդհանուր արժեքով՝ ներառյալ «խելացի» բարձրախոսները, Bluetooth ականջակալներն ու կոշիկի բազմաթիվ տեսակները:
Ի պատասխան՝ Չինաստանը սկսել է սահմանել լրացուցիչ մաքսատուրքեր ամերիկյան որոշ ապրանքների համար. թիրախավորված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 75 մլրդ դոլար:
Ընդ որում՝ Չինաստանը չի պարզաբանել ապրանքների արժեքը, որոնց համար մաքսերը կբարձրանան արդեն այս կիրակի:
Հավելյալ 5 եւ 10 տոկոս մաքսատուրքերը կկիրառվեն Միացյալ Նահանգներից ներկրված 1717 անուն ապրանքների համար: Պեկինը կսկսի հավաքագրել լրացուցիչ մաքսատուրքերը մնացած ապրանքների համար դեկտեմբերի 15-ից: