Առկա հովանավորչությունն ու չեղած ռազմավարությունը.ինչպե՞ս սկսվեց նոր ուսումնական տարին. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոր ուսումնական տարին արդյո՞ք սկսվեց այն նոր փոփոխություններով, որոնք պետք է ավելի որակյալ դարձնեին կրթությունը, տային այն համակարգային խնդիրների լուծումները, որոնց մասին փորձագիտական շրջանակները բազմիցս են հայտարարել:
Ի՞նչ հասցրեց անել նախարարությունը, որի ներկայացուցիչները կրթության ոլորտում ևս հեղափոխական շրջադարձեր էին խոստանում: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դժվարացավ հիշել մի փաստաթուղթ, որում հստակ նշված կլիներ, թե 20182019թթ. ի՞նչ պետք է փոխվեր:
«Այսինքն, նախարարության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ այն, որ հստակ օրակարգ չի սահմանվում: Հիմա սկսվեց նոր ուսումնական տարին, և մենք չգիտենք, թե այս տարի ինչ խնդիրներ են դրվել դպրոցների առաջ: Չգիտենք նաև, թե նախարարությունը համալսարանների առաջ ինչ խնդիրներ է դրել, որ հետո գնահատենք այդ ամենը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանն իր համար որոշակի խնդիրներ ու նաև դրական հանգամանքներ է առանձնացրել:
«Անցած ուսումնական տարին համընկավ ԱԺ ընտրությունների հետ, և դպրոցները որևէ կերպ չներգրավվեցին ընտրություններում: Սա փոփոխություն է:
Կարելի է ավելացնել նաև այն, որ որոշ առումով նվազել են դրամահավաքները, կոռուպցիոն երևույթները:
Բայց, այդուհանդերձ, դեռ որոշակիորեն առկա է ծանոթին, բարեկամին, ընկերոջը կամ կուրսեցուն առաջ մղելու սկզբունքը՝ շատ հաճախ՝ առանց պրոֆեսիոնալ որակների: Այդ միտումները դեռ շարունակվում են, ինչը մտահոգիչ է:
Կարող ենք ասել, որ, մեծ հաշվով, կրթության ոլորտում այդ հովանավորչությունն ինչ-որ առումով դեռ կա: Բացի այդ, որոշ դպրոցներում խժդժություններ եղան:
Ես հատուկ ուզում եմ Ավշարի դպրոցի օրինակը բերել, որտեղ փորձ էր արվում մարզպետի ազգականին նշանակել ուսմասվարի պաշտոնում, բայց կոլեկտիվը շատ սկզբունքային գտնվեց և կարողացավ այդ հովանավորչության դեմն առնել:
Որոշ դպրոցներում էլ տնօրեն դառնալու պայքար եղավ, թեպետ որոշ դպրոցներում սպասվում էր տնօրենի փոփոխություն, բայց նման փոփոխություն ևս չեղավ»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ, մեծ հաշվով, թեպետ բազմաթիվ փաստաթղթեր ընթացքի մեջ են, բայց դեռ ոչինչ չկա:
Թվարկելով ինչպես փոփոխության ենթակա, այնպես էլ անհրաժեշտ նոր ծրագրերը, նա նշեց դպրոցների կառավարման խորհուրդների կարգի, «Նախադպրոցական կրթության», «Բարձրագույն կրթության» մասին օրենքների, ինչպես նաև կրթության զարգացման պետական ծրագրի մասին:
Կրթությունը որակյալ դարձնելու առաջին նախապայմանը, ըստ մեր զրուցակցի, ռազմավարությունն է:
«Կարևոր է, որ մենք տեսնենք, թե, ի վերջո, որն է նախարարության տեսլականը, որն այսօր չկա: Կան ինչ-որ հատվածային բաներ ինչ-որ զեկույցներից, բայց հստակ ռազմավարություն առայժմ չկա:
Երբ մենք գտնում ենք ինչ-որ մի զեկույցի միտք ու ասում, որ այսպիսի բան ենք ուզում անել, համաձայն ենք դրա հետ, դա դեռ տեսլական չէ: Մեր տեսլականը պետք է ծնվի, ոչ թե ներկրվի:
Շատ հետաքրքիր զեկույցներ ու մտքեր կան, բայց մերը ո՞րն է»,-շեշտեց նա՝ խոսելով նաև քաղաքականության խնդրի մասին:
«Ենթադրենք՝ ինչ-որ ծրագիր ենք կրճատում, բայց ի՞նչ ուղղությամբ, ինչի՞ համար, ո՞րն է հիմքը»,-նշեց փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի կարծիքով, մեկ տարին լիարժեք բավարար էր, որ նախարարությունը կարողանար շատ հարցերի պատասխաններ տալ: «Եթե ստանձնում ես պատասխանատվություն, ապա մեկ-երկու ամսում պետք է հրապարակես քո տեսլականը:
Դրա համար տարիներ ու ամիսներ պետք չեն: Իսկ տեսլական ունենալուց հետո պետք է փորձել դա առաջ մղել, որովհետև այն ունենալը դեռ քիչ է: Ոչ թե գիտնական, այլ՝ կառավարիչ, որը պետք է փորձի առաջ մղել իր տեսլականը և այն դարձնի պետական քաղաքականություն»,-ընդգծելով կրթության ոլորտի պատասխանատու մարմնի հիմնական գործառույթի մասին՝ շեշտեց Ս. Խաչատրյանը:
«Եթե կարողացան դա անել, ծրագիրը կհաջողի, եթե ոչ, ապա ամեն ինչ արդեն անիմաստ է:
Այսինքն, պետք է մարդկանց հետ աշխատել, մարդիկ պետք է հասկանան, որ մեր նոր իշխանության տեսլականը սա է: Ես ֆեյսբուքում նոր ուսումնական տարվա վերաբերյալ նախարարության պլանները տեսա: Եթե դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ այնտեղ հիմնականում նախորդ կառավարության ծրագրերն են»,-ասաց նա՝ նշելով, որ միակ նոր հատվածը դասագրքերին էր վերաբերում, իսկ մնացածը՝ թե՛ ռոբոտաշինությունը, թե՛ դպրոցաշինությունը, կային նաև նախկինում:
«Այսինքն, դրանք նոր ծրագրեր չեն: Նույնը նաև աշխատավարձերի բարձրացման մասին կարելի է ասել: Նախկինում եղել են դեպքեր, երբ ուսուցչի աշխատավարձը 20 տոկոսով է բարձրացվել: Այսինքն, դա ևս նորություն չէ: Մեծ հաշվով,
եթե ուզում ենք ունենալ նոր ու բոլորովին այլ արդյունք, պետք է կանգնեցնենք իներցիան, որովհետև եթե նույն բաներն անես, մոտավորապես կստանաս նույն արդյունքը, իսկ եթե ուրիշ արդյունք ես ուզում, այլ բան պետք է անես: Սա է ամբողջ խնդիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում