Հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կարողացել են կառավարել նույնիսկ անկառավարելի թվացող ռիսկեր
SocietyԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի կառավարության մշտական ուշադրության կենտրոնում և օրակարգում:
«Շնորհավորում եմ ձեզ աշխատանքային այս կարևոր տոնի կապակցությամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս տարի, այս օրը, մենք նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ մենք բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների, փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որոնք նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:
Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, մեր հրշեջները իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար և ուզում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված:
Այո, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին, արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդրին: Եվ ինչքան էլ արձանագրվի, որ կլիմայական փոփոխությունները մեծացնում են արտակարգ իրավիճակների ռիսկերը, միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այդ ռիսկերը դառնում են մարտահրավեր բացառապես մարդկային գործոնի բերումով:
«Եվ այս առումով, կարծում եմ, ԱԻՆ փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ամբողջությամբ գիտակցել, թե իր՝ առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքը ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ և ժամանակ պիտի ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետև կանխարգելման աշխատանքներ իրականացնելը միշտ ավելի արդյունավետ է, պակաս ծախսատար և ավելի կարևոր»,- նշեց ՀՀ վարչապետը: