Օրենքների փոփոխությունը չի կարող երաշխավորել իշխանության վարկանիշը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Ցանկացած իշխանություն նպատակ է հետապնդում՝ որքան հնարավոր է պետության ղեկը երկար պահել իր ձեռքերում, և հաճախ այդ նպատակին հասնելու համար գործի են դրվում օրենսդրական տարբեր նախաձեռնություններ:
Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս փորձում են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք թույլ կտան իրենց գտնվել «կոմֆորտի» գոտում: Մասնավորապես, խոսքը սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգիրքը փոխելու մասին է:
Ամենից առաջ անդրադառնանք այն խնդիրներին, որոնք հարուցում են գործող Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը:
Ներկայիս իշխանությունները դեռևս անցյալ տարի հայտարարում էին, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, քանի որ սահմանադրությամբ վարչապետի ձեռքին պետք եղածից ավելի լիազորություններ են կուտակված, իսկ վարչապետի որոշակի լիազորություններ իշխանության այլ մարմինների բաշխելու համար պատրաստ են գնալ սահմանադրական փոփոխությունների:
Անցել է արդեն մեկ տարուց ավելի ժամանակ, բայց վարչապետի լիազորությունները կրճատելու վերաբերյալ նույնիսկ հանրային քննարկումներ չեն կազմակերպվում:
Խնդիրն այլ է, երբ հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Քանի որ իշխանություններին դեռևս չի հաջողվում լիովին վերահսկողության տակ վերցնել ՍԴ-ն, ապա նրանք ՍԴ-ի հարցերը լուծելու համար դիտարկում են նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և ՍԴ-ն վերակազմավորելու տարբերակը:
Նույնիսկ վարչապետ Փաշինյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նշել է, որ իրենք պատրաստ են գնալ հարցի լուծման ցանկացած տարբերակի՝ ընդհուպ սահմանադրական փոփոխությունների:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցին, ապա նշենք, որ օրենսգրքի փոփոխությունը կանխատեսվում էր դեռևս անցած տարվա աշնանը, որով նախատեսվում էր, որ վերանալու է քննադատությունների արժանացած ռեյտինգային համակարգը, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ իշխանությունները տվյալ պահին օրենսգրքի ընդունումը ձեռնտու չհամարեցին, և նոր օրենսգրքի ընդունումը խորհրդարանում տապալվեց, իսկ 2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրությունները տեղի ունեցան հին օրենսգրքով:
Որոշ ժամանակ անց իշխանությունները հանկարծ «նկատեցին», որ գործող Ընտրական օրենսգիրքը շատ դրվագներով այլևս ձեռնտու չէ իրենց, ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուներից շատերը, չնայած վայելելով իշխող ուժի աջակցությունը, տեղերում պարտություններ են կրում (վերջին օրինակն էլ Աբովյանում քաղաքապետի ընտրություններն էին), քանի որ ընտրության նժարին են դրվում թեկնածուների անձնական որակները:
Ուստի իշխող ուժի մոտ կարծրացավ այն մտայնությունը, որ կարելի է փոփոխություններ մտցնել ընտրական գործընթացում, երբ քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրելու քաղաքական ուժերին:
Իսկ այդ դեպքում «Իմ քայլը» դաշինքը կարող է լինել անվերապահ առաջատարը՝ հաշվի առնելով վարչապետի բարձր վարկանիշը:
Ինչքան էլ իշխանությունների համար ՏԻՄ մակարդակով ամրապնդվելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անհրաժեշտ են, այնուամենայնիվ, իշխանության կողմից այս հարցում տեսանելի քայլերի անցնելը դեռևս դանդաղում է:
Եվ պատահական չէ, որ իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ փակ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
Եթե իշխանությունն իր հույսը դնում է օրենսդրական դաշտի փոփոխության վրա, ապա պետք է հասկանա, որ ոչ մի օրենսդրական փոփոխություն չի կարող կասեցնել իրենց վարկանիշի անկումը, եթե իհարկե կառավարության գործունեության արդյունքում երկրում չբարելավվի սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում