«Սպարտակ» ներկայացմանը վտանգ է սպառնում. Վաստակավոր արտիստ
CultureՄեր բալետային արվեստը շատ խայտառակ վիճակում է գտնվում, Սպարտակ ներկայացումն էլ հարվածի տակ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, հրավիրված մամուլիս ասուլիսին ասաց Օպերային բալետի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը:
«Սպարտակը» եւ «Գայանեն» մեր թատրոնի համար այցեքարտեր են, դա ոչ միայն իմ խոսքերով կարող եք համոզվել, այլ նաեւ կարող եք համոզվել հանդիսատեսի քանակից, հոսքից , անշլագ է մեզ մոտ, բայց էսօր ցավով եմ ասում «Սպարտակ» ներկայացումը նույնպես հարվածի տակ է, այսինքն վտանգ է սպառնում «Սպարտակ» ներկայացմանը: Մենք հյուրախաղերի ենք գնում «Սպարտակ» ներկայացմամբ, որտեղ որ որոշումներ է կայացնում մեր սիրելի Արմեն Գրիգորյանը կոպյուրներ է արվում, կրճատումներ է արվում, առանց տեղեկացնելու հեղինակային իրավունքներ ունեցող բալետմայստեր Յուրի Գրիգորիչին, դրա մասին իմանում է մեր շատ սիրելի մաեստրոն, զայրանում է, բարկանում: Մի խոսքով` էն որակով, որ մենք 8 տարի շարունակ պարել ենք ու էն որակով, որ մենք կարողացանք մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնել մեր թատրոնի շուրջ, էսօր էդ ներկայացումը չի ներկայանում էն որակով, որը որ մենք ժամանակին անում էինք: Փորձում էինք ինչ-որ ձեւով չբարձրաձայնենք այս մեծ խնդիրը, բայց եթե ինչ-որ ձեւով մենք կորցնենք Սպարտակ բալետը դա մեզ համար ճակատագրական կլինի, որովհետեւ «Սպարտակ» ներկայացումը ամեն թատրոնում չի գնում: Շատ խայտառակ վիճակում է գտնվում մեր բալետային արվեստը»,-ասաց նա:
Արտիստը նշեց, որ իրենք նպատակ չեն ունեցել բարձրաձայնել խնդրի մասին, սակայն Արմեն Գրիգորյանի արարքների պատճառով են բարձրաձայնում. «Ես հենց հիմա խայտառակ եմ լինում ձեր առաջ ու ժողովրդի առաջ, դա նույնն է, որ ես վաղը ունենամ իմ կնոջ հետ խնդիրներ ու գամ ձեզ վաղը մամուլի ասուլիս կանչեմ, կամ նստեմ իմ ընտանիքից խոսամ, ես հիմա խոսում եմ իմ ընտանիքից, բայց սրա պատճառը մենք չենք, Արմեն Գրիգորյանն է: Մենք չենք ցանկանում նրան նսեմացնել, ինքը անհաջող, բայց մեր ընտանիքի անդամ է»:
Ռուբեն Մուրադյանը նաեւ նշեց, որ կրճատվել են մենապարողների եւ դերասանների թիվը, այնինչ նրանք կարող էին դառնալ համաշխարհային աստղեր:
Նշենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: