Դաժան վթար Կոտայքում. BMW X5-ը КамАЗ-ին բախվելուց հետո վերածվել մոխրակույտի. Դուրս են բերել վարորդի մոխրացած դին
SocietyԿոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազան է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սեւան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։
Բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, եւ BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա եւ զննելով ավտոմեքենան՝ այնտեղ հայտնաբերել են համարանիշները, ինչը ենթադրում է, որ վարորդը ավտոմեքենայի հետեւի համարանիշները մեքենայի վրայից հանել եւ թաքցրել է բեռնախցիկում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։