Աշխարհի գավաթ․ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց պայքարից
SportՌուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում (1/32 եզրափակիչ) Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը (2654) չկարողացավ հաղթահարել աշխարհի գավաթակիր, Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի արգելքը:
Թայ-բրեյքի առաջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց, իսկ երկրորդ պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ Առաջին երկու հիմնական պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) երրորդ շրջանում կմրցի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի (2716) հետ, որը թայ-բրեյքում 1,5։0,5 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին (2686)։
Լեւոն Արոնյանը երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել իրանցի Փարհամ Մաղսուդլուին։
Հիշեցնենք, որ Հայատանի ներկայացուցիչներից Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: