Տաքսիստները գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման մասին
EconomicsԱյս տարի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը ոլորտը վատ կառավարման արդյունքն է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է գյուղատնտեսության ոլորտում անկում գրանցվել:
«Առաջին սխալը գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ միացնելն էր, այսօր մենք համակարգող նախարարություն չունենք եւ եթե այն ժամանակ գյուղացին իր հոգսերով գիտեր ում դիմեր, այսօր ուղղակի լրիվ բարձիթողի վիճակ է: Բացի այդ կադրերն ընդհանրապես բանի պետք չեն, հիմնական լուրջ կադրերը, որոնք կարող էին ուղղություններ զարգացնել, թողել, գնացել են, այսինքն՝ աշխատանքից ազատել են, այսինքն՝ այս ոլորտում կադրային ջարդ տեղի ունեցավ, ինչ-որ անձնական սեւեր-սպիտակներ, այդ հողի վրա: Պատահական կադրեր են եկել, օպերատիվի աշխատող, մեկն ինչ-որ Միացյալ նահանգներում տաքսի է քշել եւ այլն: Ցավոք սրտի, տաքսիստները, կամ Ռուսաստանից օպերատորները մեր գյուղատնտեսությունը չեն կարող զարգացնել: Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է զարգացնել այն մարդը, որը հմուտ գիտի ՀՀ գյուղատնտեսությունը, իսկ դրա համար փորձ է պետք, գիտելիքներ են պետք, որը ցավոք սրտի, չունեն»,- ասաց նա:
«Կարտոֆիլի ցանքատարածությունները նույնպես նվազել են եւ կարտոֆիլը գարնանը կլինի 400 դրամ, հիմա` 300 դրամ է: Այսինքն նախարարությունն էլ քաղաքականությունը չի տանում, որ խթանի կարտոֆիլագործներին: Ինչքան կարելի է տգետներով երկիր ղեկավարել, կարծում եմ` Փաշինյանը լուրջ կադրային փոփոխություն պետք է անի, ինչքան կարելի է փողոցից բերել, պատգամավոր սարքել»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ։