Անում են ամեն ինչ, որպեսզի այլ հակամարտություններ էլ ստեղծվեն
International newstheuk.one-ն «Նիկոլ Փաշինյանի դիլետանտիզմը և քմահաճությունը Հայաստանին անդունդ է տանում» վերնագրով հոդվածում գրում է, որ մեկուկես տարի է անցել այն պահից, երբ Երևանում իշխանություն են դարձել այդ «կրակոտ հեղափոխական հռետորի» կողմնակիցները:
Բայց հիմա Հայաստանի աղքատ ու անբախտ բնակչությունը սկսել է ավելի ու ավելի հասկանալ, որ իրեն պարզապես մատի շուրջ պտտեցրել են: Այն բոլոր խոստումներից, որոնց մասին Փաշինյանը բարձրաձայն հայտարարում էր փողոցներում և հրապարակներում, ոչինչ էլ չի արվել:
Տնտեսական աճը և անգամ դրա նշանները բացակայում են, բնակչության վիճակի բարելավում չկա, իսկ Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակը շարունակում է թեժանալ:
Արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեգերումները հանգեցրել են նրան, որ ակտիվացել են հակահայկական ուժերը ոչ միայն Ադրբեջանում և Վրաստանում, այլ նաև այնտեղ, որտեղ ավանդաբար ձգտել են Կովկասում խաղաղություն պահպանել` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ԵՄ-ում և մի շարք այլ երկրներում:
Նման իրավիճակում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելը, թեկուզև գոնե մասամբ, խենթություն է: Բայց Փաշինյանը հենց այդպես էլ վարվում է, երբ օրինակ՝ հայտարարում է որոշակի քանակի արևմտյան զենք ձեռք բերելու ցանկության մասին: Հատկապես ուշագրավ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված բացարձակ չհիմնավորված քարոզարշավը:
Նրան Նիկոլ Փաշինյանը մեղադրում է 2008 թվականին նույն Փաշինյանի և կողմնակիցների դեմ իրականացված ինչ-որ «հակասահմանադրական գործողությունների» մեջ, չնայած իրականում հենց իրենք են մասնակցել անկարգություններին և ջարդերին:
Հաշվի առնելով «Ազատություն», «ВВС», «Ամերիկայի ձայն», «Deutsche Welle» և այլ նման «ժողովրդավարության ազդարարների» կողմից հակաքոչարյանական արշավի լիակատար աջակցությունը՝ միանգամից պարզ է դառնում, թե ում ցանկություններն է ի կատար ածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Մեկ այլ հարց է այն, թե ինչ կերպ են նրա գործողությունները համահունչ հայ ժողովրդի շահերին: Եվ այս հարցը մեկ միանշանակ պատասխան ունի` ոչ մի կերպ, քանի որ Հայաստանի անկախության պահպանման միակ ճանապարհը Ռուսաստանի և Ռուսաստանի կողմից կազմավորված ինտեգրացիոն համայնքի՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքն է:
Ով դա չի հասկանում, կա՛մ թշնամի է, կա՛մ էլ հիմար: Իսկ նա, ով ամեն կերպ խոչընդոտում է դա, պարզապես ոչխարի մորթիով գայլ է:
Այստեղ անգամ միջազգային գործերում անփորձ դիտորդն է գիտակցում, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հարավային Կովկասում խաղաղություն է պահպանվել շնորհիվ Հայաստանի նպատակաուղղված արտաքին քաղաքականության, իսկ հիմա պատերազմի սպառնալիքը աճում է գլորվող ձնագնդի պես:
Ընդ որում, «արդարադատությունն ըստ Փաշինյանի» լիովին փակուղի է մտել: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ընդհանուր իրավասության դատարանում հաջողությամբ ապացուցում է նրա անմեղությունը և պահանջում ազատել Քոչարյանին կալանքից: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ Փաշինյանի գործողություններում նկատելի չէ անգամ ժողովրդավարության ակնարկ, և ժամանակի ընթացքում իր իշխանությունը պահպանելու համար նա ստիպված կլինի հաստատել կոշտ բռնապետություն:
Ըստ քաղաքագետի, «բոլոր պոպուլիստները իշխանության են գալիս ժողովրդավարական ճանապարհով և ի վերջո հաստատում են ավտորիտար ռեժիմներ, օրինակ՝ Էրդողանը, Օրբանը, որոնք իշխանություն են դարձել բացարձակ ժողովրդավարական ճանապարհով, և այժմ հաստատել են կոշտ անձնական իշխանություն, պատմության մեջ կան շատ նման օրինակներ, և նույնիսկ ԱՄՆ-ում շատերը վախենում են, որ Թրամփը կարող է ստեղծել ավտորիտար ռեժիմ ...»:
Եթե Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը ի վիճակի լինեն դատարանում լիովին ապացուցել մեղադրանքների անհեթեթությունն ու անհամապատասխանությունը իրավական չափանիշներին, իսկ դրա համար կան բազմաթիվ պատճառներ, դա հղի է Նիկոլ Փաշինյանի համար անկանխատեսելի հետևանքներով:
Եվ այդ ժամանակ նրան պետք կլինի հենց այն բռնապետությունը, որի մասին ասում է Անդրանիկ Միհրանյանը: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների դեմ բազմաթիվ կեղտոտ և անողոք սադրանքներ կիրականացվեն, որպեսզի պարզապես կանխվի նրա ամբողջական և վերջնական արդարացումը:
Հայաստանյան հասարակության մեջ գնալով իրավիճակը լարվում է: Բացի դա, Նիկոլ Փաշինյանի գլխավորած դիլետանտների, պոպուլիստների և արկածախնդիրների կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի այլ հակամարտություններ էլ ստեղծի: Օրինակ՝ կրքեր են բորբոքվում Ամուլսարի հանքի շուրջ:
Տեղի բնակչությունը կտրականապես դեմ է այնտեղ ոսկու արդյունահանմանը: Գործը հասել է նրան, որ Ջերմուկ համայնքի բնակիչները մտադիր են քաղաքացիական անհնազանդության զանգվածային միջոցառումներ իրականացնել: Փաշինյանի կառավարությունը հանքի «լիարժեք շրջակա միջավայրի անվտանգությունը» ապացուցող բնապահպանական փորձաքննություն անցկացնելու համար ծախսել է ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար, և այդ ամբողջ ժամանակ համացանցում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քարոզել հանքի «լիակատար անվնասության» թեզը:
Այնուամենայնիվ, այդ գործողության կազմակերպիչները և կատարողները մոռացել են, որ իրենք գործողությունների վայրից շատ հեռու են նստած, իսկ Ջերմուկի բնակիչները ամեն օր այնպես են համոզվում հանքի «անվնասության» մեջ, որ իրենք և իրենց երեխաները սկսում են փռշտալ ու հազալ:
Ինչ-որ բան հուշում է, որ ժամանակին համընթաց Հայաստանի բնակիչները ավելի հաճախ կսկսեն տեսնել Նիկոլ Փաշինյանի անմիտ և ինքնաբուխ այլ գործողություններ:
Եվ ինչպե՞ս կարող է այստեղ խոսք լինել ինչ-որ ռազմավարության, կամ էլ Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու մասին:
Կամո Խաչիկյան