Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից աշխարհը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ուստի զարգացման տեմպից հետ չմնալու համար մեր կրթական համակարգը պարբերականորեն պետք է կատարելագործվի: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, որպեսզի մեր պետականությունն ապագայում լինի հուսալի ձեռքերում: Ինչպես նշել է Նելսոն Մանդելան, կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար: Սա, կարելի է ասել, ամենից առաջ վերաբերում է Հայաստանին:
Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե կրթական ոլորտում ևս դրական փոփոխություններ կնախաձեռնվեն, որոնց մենք այդպես էլ ականատես չեղանք:
Դրա փոխարեն մենք տեսանք կրթական համակարգում տեղի ունեցող գզվռտոցներ և ամբիցիաների բավարարման համար պայքար, որի բացահայտ դրսևորումներից էին ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող պրոցեսները, ինչպես նաև մի շարք դպրոցներում տնօրենների ընտրություններն ու կոլեկտիվի միջև հակասությունների սրացումը:
Եթե մի կողմ թողնենք կրթական համակարգում նկատվող խլրտոցները և անդրադառնանք դասապրոցեսների արդյունավետության բարձրացմանն ու դասավանդվող առարկաներին, ապա այստեղ ևս նորարարական և ժամանակի պահանջներին համապատասխան լուծումներ չկան:
Պատմության մասնագետները տևական ժամանակ է, ինչ վիճում են, թե ինչպես պետք է պատմության դասագրքերում ներկայացված լինեն 2008 թվականի մարտի 1-ի հայտնի դեպքերը: Կարծես թե կրթության ոլորտում առկա կարևոր խնդիրները լուծվել են, մնացել է Մարտի 1-ի հարցը:
Մինչ այդ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ամեն մի պատեհ առիթի բարձրացնում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերանայման խնդիրը, մի առարկայի, որի դասավանդումը կարևոր է հայ ժողովրդի գոյատևման համար մղած պայքարի ընթացքում եկեղեցու դերը սերունդների գիտակցության մեջ արժևորելու համար: Իսկ վարչապետ Փաշինյանն օտարների ակնկալիքները հաճեցնելու համար առաջարկում է այդ առարկան հանել և դրա բովանդակությունը ներառել հենց Հայոց պատմություն առարկայի շրջանակներում:
Դե, դժվար է այլ բան սպասել մարդկանցից, որոնք տարվա մեջ ընդամենը 5 հիշատակության օրերն են նույնիսկ անտեսում:
Եվ տպավորություն է առաջանում, թե հենց եկեղեցու պատմությունն ու հոգևորականներն են խոչընդոտում, որ մեր կրթական համակարգը չի զարգանում: Ու կարծես թե ներկայիս կառավարության իշխանավարման ընթացքում կրթության որակի բարելավման բովանդակային հարցը երկրորդական պլան է մղվել:
Չունենալով որևէ գործնական առաջարկ՝ փորձ է կատարվում ուղղակի անհարկի վերանայել նախկինում կիրառված պրակտիկան:
Իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը օրերս հայտարարություն էր տարածել, թե իրենք մտահոգություններ են ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված և քննարկելու են այդ առարկայի դասավանդման վերանայման հետ կապված հարցերը:
Իսկ մինչ այդ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ իշխանությունը այդ առարկան պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու մտադրություն ունի:
Խնդիրն այն է, որ «Շախմատ» առարկայի ներդրումը կրթական համակարգում անմիջականորեն կապվում է նախկին իշխանությունների հետ, սակայն հաշվի չի առնվում, որ շախմատի դասավանդման կարևորությունը բավական բարձր է գնահատվել անգամ եվրոպացի մասնագետների կողմից, քանի որ այդ խաղը նպաստում է երեխաների մտածողության զարգացմանը:
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը ևս հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:
Քանի որ ներկայիս իշխանությունները չունեն բովանդակային առաջարկներ, պետք է ինչ-որ գործընթաց ցույց տան, թե իրենք աշխատանք են տանում կրթության ոլորտում:
Այնինչ պետք է ելնել ոչ թե եղածը քանդելու հեղափոխական տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից, որը թույլ կտա մեր կրթությունը դարձնել մրցունակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում