«Վաղշաբթիների» երկիր ենք դարձել. գյուղատնտեսությունն արհամարհված է, գյուղացին՝ միայնակ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» օրաթերթը գրեթե յուրաքանչյուր համարում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտին:
Բարձրաձայնում ենք խնդիրների՝ մասնավորապես ոլորտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և առկա հիմնախնդիրների մասին:
Փորձագետներն էլ համաձայնում են դիտարկումների հետ՝ փաստելով՝ ոլորտն արհամարհված է, խնդիրները լուծում չեն ստանում, գյուղացին մնացել է միայնակ:
Խնդիրներն իրոք լուծում չեն ստանում, այլ ավելի տեսանելի են դառնում հատկապես աշնանային բերքահավաքի այս բուռն շրջանում:
Վերջին հրապարակումներից մեկում գրել էինք, որ գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում:
Խոսքը մասնավորաբար վերաբերում է սմբուկին, որը գործարանների մեծ մասը չի ընդունում կամ էլ ընդունում է շատ էժան գներով, ինչի հետ գյուղացիները համաձայն չեն:
«Փաստի» լրագրողն Արմավիրի մարզում ականատես էր եղել, թե ինչպես են հսկայական քանակությամբ սմբուկը գյուղացիներն ուղղակի թափում ճանապարհին և հեռանում:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ոչ միայն սմբուկի մթերման խնդիրն է սրվել, այլ մյուս մշակաբույսերի ևս: Առհասարակ ոլորտը թաղված է խնդիրների մեջ: «Արմավիրի մարզում բողոքում են ձմերուկի մթերումից:
Շատ են բողոքները ոռոգման համակարգից:
Օրինակ՝ Գետամեջ գյուղը 28 օր է՝ ոռոգման ջուր չի ստացել: Խոշոր անասունների գլխաքանակի անկում, բանջարեղենի մթերման խնդիր, լոլիկի ցեցը մնաց, գումարները կերան, ցեցի դեմ չպայքարեցին:
Պետությունը լավ վարկերը տալիս է վերամշակողներին: Ոչխարաբուծության ծրագիր են մշակել, որն աբսուրդ է, գյուղացու հետ որևէ առնչություն չունի: Գործարարներին փող են տալու, որ գնան, ոչխար առնեն ու բերեն: Դա եղավ ոչխարաբուծության զարգացո՞ւմ»,-ասում է Բերբերյանը:
Նա նշում է՝ գյուղերում բարձիթողի վիճակ է:
«Որևէ փոխվարչապետ, պաշտոնյա չի ուզում գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներով զբաղվել:
Չգիտեմ՝ ի՞նչ են մտածում: Նա, ով այսօր Հայաստանի գյուղատնտեսությանը վնաս է տալիս, շատ շուտով պատասխան կտա դրա համար, օրերը հաշված են:
Գյուղնախարարությունը փակեցին, գյուղացուն թողեցին մեն-մենակ իր խնդիրների ու հոգսերի հետ: Չգիտեմ ով է շատ ակտիվորեն Հայաստանից արմատախիլ անում գյուղատնտեսությունը:
Շատ մտածված քայլ է, բայց թե ում ձեռագիրն է, դեռ պարզ չէ:
Ո՞նց կարելի է քսան տոկոս ՀՆԱ ունեցող բնագավառի գերատեսչությունը վերցնել ու մի օրում փակել»,-նշում է մեր զրուցակիցը:
Բերբերյանն ընդգծում է՝ «փողոցային» տնտեսություն չի լինում:
«Փողոցներում ամբախ-զամբախ խոսալով չէ: Տնտեսությունը պետք է վարել, համակարգված աշխատել, մասնագետների ներգրավել:
Մեզ մոտ փողոցային տնտեսություն են վարում: Վաղը սա կսարքենք, մյուս օրը՝ այն: «Վաղշաբթիների» երկիր ենք դարձել:
Այսպես շարունակել այլևս չի կարելի, մեղավորները պետք է պատասխան տան, թե այդ ինչպե՞ս է մեր երկրում գյուղատնտեսության բնագավառն այս ողորմելի վիճակում հայտնվել, ինչո՞ւ ոչինչ չի արվում»,-եզրափակում է Բերբերյանը՝ հավելելով, որ գյուղացիներից շատերն իրեն զանգում և ասում են, որ տրակտորներով գալու են քաղաք, սակայն առայժմ իրենք կարողանում են զսպել մարդկանց զայրույթը:
«Փաստը» թեմային առնչվող հարցերով դիմեց էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից ստացել ենք այսպիսի պատասխան. «2019 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է շուրջ 6200 տոննա սմբուկ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4300 տոննայի դիմաց: Այսինքն` մթերման ծավալներն աճել են 44,2 տոկոսով, ինչը վկայում է սմբուկի պահանջարկի մեծացման մասին:
Միաժամանակ, եթե կա մասնավոր խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն այն համայնքների կամ ֆերմերների, ովքեր բողոքում են սմբուկի իրացումից, խնդրում ենք տրամադրել այն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում