Ինչո՞ւ են Ռուսաստանում շատացել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները
International newsauto.vesti.ru-ն իր «Ինչ՞ է կատարվում. Ռուսաստանում նկատելի ավելացել են հայկական համարանիշներով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում գրում է, որ ուշադիր վարորդները արդեն վաղուց նկատել են, որ ռուսական ճանապարհներին հայտնվել են բավականին մեծ թվով հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներ: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ Ռուսաստան այցելել որպես զբոսաշրջիկ:
Բանն այն է, որ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ղեկին սովորաբար հենց Ռուսաստանի քաղաքացիներ են: Ուղղակի ռուսները գտել են ոչ թանկ արտասահմանյան ավտոմեքենա ձեռք բերելու նոր մեթոդ:
Ընդ որում, խոսքը նույնիսկ կրկնակի էժան գնով ավտոմեքենա ձեռք բերելու մասին է:
Էժան արտասահմանյան մեքենաների հոսքը Ռուսաստան սկսվել է այն պահից, երբ Հայաստանը մտել է ԵԱՏՄ:
Բանն այն է, որ ներկայումս Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը զգալիորեն էժան է, իսկ Հայաստանում ու ԵԱՏՄ այլ երկրներում ձեռք բերված ավտոմեքենան, ըստ ԵԱՏՄ օրենքների, առանց մաքսազերծման կարելի է ներկրել Ռուսաստան:
Պետք է նշել, որ Հայաստանում գնված ավտոմեքենան Ռուսաստանում հաշվառման կանգնեցնելը բարդ է, բայց շահագործել ոչ ոք չի խանգարում, և ստացվում է այնպես, որ ռուսները վարում են հայկական պետհամարանիշներով և Հայաստանում հաշվառված արտասահմանյան ավտոմեքենաներ:
Կամո Խաչիկյան