«Ռեկտորը պատժիչ գործողությունների համար չէ, այլ իր լիազորություններն իրականացնելու». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ օրերս գիտխորհրդի նիստը տապալվեց այն պարզ պատճառով, որ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նիստից առաջ իր մոտ էր հրավիրել բոլոր դեկաններին և հորդորել էր օրակարգը չհաստատել այն հիմնավորմամբ, որ դա իր դեմ իրականացվող գործընթաց է:
«Մինչդեռ, եթե ուշադիր նայեք մեր օրակարգին, այդտեղ որևէ բան չի առնչվում ռեկտորին: Հակառակը՝ խոսում ենք գիտական խորհրդի դերի բարձրացման և հոգաբարձուների դերի նվազեցման մասին:
Գիտխորհրդում ռեկտորը նախագահող է, իսկ հոգաբարձուների խորհրդում նույնիսկ քվեարկության իրավունք չունի: Հետևաբար՝ անհասկանալի է, թե այս հարցի քննարկման կոնտեքստում ինչպես կարող էր ռեկտորի դեմ գործընթաց լինել:
Համենայն դեպս՝ նա այդպես է ընկալել իրավիճակը, և հենց այդ պատճառով էլ գիտխորհրդի մյուս անդամները դեմ են քվեարկել օրակարգի հաստատմանը»,-ասում է Մաթևոսյանը:
Նա նշում է՝ իրենք առաջարկում էին քննարկել խնդիրները, որևէ մեկի հրաժարականը չէր պահանջվում:
«Պարզ քննարկում էր, ինչը գիտական խորհրդի համար պետք է նորմալ լիներ:
Նիստի տապալման հետ կապված՝ երկու վարկած կարող եմ ենթադրել: Առաջին՝ քանի որ խոսքը գնում էր հոգաբարձուների խորհրդի ապօրինի որոշումների մասին, կարծում եմ՝ հոգաբարձուների խորհրդից է եղել ցուցում, ճնշում ռեկտորի նկատմամբ, որպեսզի նա ամեն ինչ անի, որ նիստը չկայանա, քննարկում տեղի չունենա:
Երկրորդ՝ գուցե ռեկտորն ընկալում է, որ եթե համալսարանում քննարկումներ, նախաձեռնություններ, առողջ միտք կա, դա դրսում՝ նախարարությունում, կառավարությունում, կարող է ընկալվել, որ ռեկտորը չի կարողանում հսկողության տակ պահել իրավիճակը, բայց, կարծում եմ՝ նա այստեղ պատժիչ գործողությունների համար չէ, այլ իր լիազորություններն իրականացնելու: Երկու վարկած ունեմ, կարծում եմ՝ առաջինն ամենահավանականն է»,-նշում է ԵՊՀ գիտական խորհրդի անդամը:
Անդրադառնում ենք նաև այն մտահոգություններին, որ ԵՊՀ 100-ամյակը նշելու համար բավական քիչ գումար է հատկացվել, իսկ նախագահը և վարչապետը ներկա չեն լինում թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին:
«Շատ տհաճ է, որ ԵՊՀ 100-ամյակի հիմնական միջոցառումներին երկրի առաջին երկու դեմքերը չեն մասնակցում, այլ միայն Ազգային ժողովի նախագահը:
Բայց, կարծում եմ, այդ ամենը պետք է տեղի ունենար ավելի բարձր մակարդակով: Տարբեր կերպ կարելի է սա մեկնաբանել:
Օրինակ՝ վարչապետն այս օրերին ԱՄՆ-ում է, մասնակցում է ՄԱԿ-ի գագաթաժողովին, գուցե կարելի է հասկանալ: Ամեն դեպքում հարցեր ունեինք, թե ինչու է այդպես ստացվել: Որևէ մեկին ի սկզբանե չենք մեղադրել:
Կարելի էր դրան պարզ բացատրություն տալ, ներկայացնել իրավիճակը: Բայց այդ քննարկումը մերժվեց, լռեցվեց հենց բնում, ինչը բացարձակապես անհասկանալի է»,-ասում է Մաթևոսյանը:
Նա ընդգծում է, որ ԵՊՀ ուսանողները միասնական են այն հարցում, որ չպետք է ուսանողների խոսքը լռեցվի, գիտական խորհրդում մերժվի խնդիրների վերաբերյալ քննարկումը, կուլիսային, կաբինետային պայմանավորվածություններով նիստ տապալվի: «Կարծում եմ՝ այդ հարցում բոլորը միակարծիք են:
Այլ բան է, որ տարբեր հարցերի վերաբերյալ ունենք տարբեր տեսակետներ: Դա նորմալ է, եթե այդպես չլիներ, կարելի էր ԵՊՀ-ի դռները փակել ու գնալ: ԵՊՀ-ն բազմազանության և ազատ մտքի հարթակ է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հետագա անելիքների մասին խոսելով՝ Մաթևոսյանն ասում է, որ իրենց առաջ քաշած օրակարգը փորձելու են առաջ տանել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումների կոնտեքստում:
«Մեր խնդիրը գիտական խորհրդի դերի բարձրացումն է ու ԵՊՀ-ի նկատմամբ արտաքին վերահսկողության նվազեցումը, նկատի ունեմ հոգաբարձուների այն հիսուն տոկոսը, որը նշանակվում է կառավարության և նախարարության կողմից և որոնք հիմնականում վերահսկում են համալսարանը: Մեր խնդիրը դա է:
Հիմա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենք է շրջանառվում, քննարկումներ կան: Փորձելու ենք մեր օրակարգն առաջ տանել այդ օրինագծի քննարկումների կոնտեքստում»,-եզրափակում է Դավիթ Մաթևոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում