Էստոնացի վարորդներին տուգանքի փոխարեն, կառաջարկեն հանգստանալ
International newsԷստոնացի ոստիկանները արագության ռեժիմը խախտող վարորդներին պատժելու նոր մեթոդ են մտածել: Նրանց առաջարկում են տուգանք վճարելու փոխարեն, մի փոքր կանգնել ճամփեզրին, որ հանգստանան, հայտնում է Motor-ը:
Ոստիկանության դեպարտամենտի ինովացիաների հարցերով խորհրդական Էլարի Կազեմետսը Postimees պարբերականին հայտնել է, թե ոստիկանները մտահոգված էին, որ արագության ռեժիմի խախտումը էստոնացի վարորդների համար փաստացի նորմ է դարձել: Այս խնդիրը լուծելու համար նրանք շփվել են տարբեր վարորդների հետ եւ պարզել մի հետաքրքիր առանձնահատկություն:
Պարզվել է, որ խախտողների զգալի մեծամասնությանը ավելի շատ զայրացնում էր ոչ թե բուն տուգանք վճարելու անհրաժեշտությունը, որքան կորցրած ժամանակը, որն անհրաժեշտ է արձանագրությունը կազմելու համար, քանի որ տուգանքի վճարումը նրանք գրեթե նույն կերպ էին ընկալում, ինչպես կոմունալ վճարումը կամ հեռախոսի վճարումները: Դրանից բացի, շատերը խոստովանել են, որ չեն ցանկանում այդ ժամանակ ծանոթների հանդիպել, քանի որ անհարմարության զգացում են ունենում:
«Մենք չենք դիտարկել կրկնակի խախտողների բացառիկ դեպքերը: Մեզ հետաքրքրում էին ամենասովորական էստոնացի վարորդները, ընտանիք ունեցող մարդիկ»,- ասել է երկրի ՆԳՆ ռազմավարական բաժնի ինովացիաների հարցերով խորհրդական Լաուրա Աաբենը:
Այսպես էլ ի հայտ է եկել վարորդներին պատժելու նոր մեթոդը. հիմա ոստիկանները նրանց առաջարկում են ոչ թե տուգանք վճարել, այլ դրա փոխարեն կանգնել ճամփեզրին եւ «հանգստանալ»: Մինչեւ 20 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում ստիպված կլինեն հանգստանալ 45 րոպե, իսկ 21-ից մինչեւ 40 կմ/ժամ գերազանցելու դեպքում՝ 60 րոպե: Իսկ ահա ավելի զգալի գերազանցման դեպքում, այնուամենայնիվ, ստիպված կլինեն անդորրագիրը վճարել:
Աաբենը նշել է, որ նման պատիժը պատահականորեն չի ընտրվել. ոստիկանները ցանկանում էին, որ նոր տուգանքը վարորդի վրա անհրաժեշտ ազդեցություն ունենա, բայց դրա հետ մեկտեղ «ցավագին շեմը» չանցնի: Արդյունքում որոշել են ընտրել 45 րոպե նվազագույն պատիժը, քանի որ եթե կանգառը չափից ավելի կարճ լինի, վարորդը կփորձի այն լրացնել եւ ավելի շատ կխախտի, պարզաբանել է նա:
Մեթոդն առայժմ թեստավորում են որպես փորձնական, բայց բացառված չէ, որ այն կդառնա մշտական պատժամիջոց: Ոստիկանները դիտարկում են այն տարբերակը, որ այլընտրանքային տուգանքները վարորդները կընկալել որպես ավելի լուրջ պատիժ: