Կոնրադ վան Ալֆեն. «Դիրիժորի աշխատանքը դժվար, բայց մոտիվացնող և հետաքրքիր աշխատանք է»
Culture«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում էր գտնվում հանրահայտ դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։ Նա Հայաստանում էր առաջին անգամ, և ինչպես ինքն ասաց, մեր երկրում հիանալի էր իրեն զգում, և հաճելիորեն զարմացած էր այն ամենից, ինչ տեսնում էր այստեղ։
Կոնրադ վան Ալֆենի ղեկավարությամբ նվագախումբը Երևանում ներկայացրել է Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։ Կոնրադ վան Ալֆենի կատարումներում համադրվում են բացառիկ զգայականությունը և թարմությունը։ Նա որպես հրավիրյալ դիրիժոր համագործակցում է աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ, որոնց թվում են Մոնրեալի և Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախմբերը, Բրյուսելի, Բոգոտայի և Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և բազմաթիվ այլ կոլեկտիվներ։
Դիրիժորը բեմում ղեկավարում է մոտ 100 երաժշտի, և այդ ղեկավարման արդյունքում ստեղծվում է ներդաշնակություն։ Հետաքրքիր էր նրա կարծիքն իմանա, թե արդյո՞ք դժվար չէ դիրիժորի աշխատանքը, երբ գործ ունի այդքան մարդու հետ։
«Իրոք մասնագիտական մեծ աշխատանք է պահանջվում՝ քո առջև՝ բեմի վրա գտնվող երաժիշտների բոլոր որակները բացահայտելու և նրանց քո գաղափարների շուրջ համախմբելու համար։ Երաժիշտներն, իհարկե, շատ ինտելեկտուալ մարդիկ են, նրանք ունեն սեփական տեսլականը, սեփական մտածելակերպը, բայց երբ քեզ համար հստակ է, թե ինչ ես ուզում և ազնիվ ես նրանց հետ աշխատանքում, նրանք հետևում են քեզ»,- խոստովանում է Կոնրադվան Ալֆենը։
Դիրիժորությունը, ըստ մաեստրոյի, բավականին հետաքրքիր մասնագիտություն է։
«Ամեն անգամ, երբ նվագախումբ ես ղեկավարում, ինչ-որ նոր բան սովորում ես։ Ես երկար տարիներ ղեկավարում եմ նվագախմբեր, դիրիժորի աշխատանքը դժվար, բայց մոտիվացնող և հետաքրքիր աշխատանք է»,- ասում է երաժիշտը։
Իր երաժշտական նախասիրությունների մասին խոսելիս Կոնրադ վան Ալֆենը նկատում է, որ դրանք տարիքի հետ փոխվում են։ Ըստ նրա՝ այսօր երաժշտասերները, գալով համերգասրահ, ցանկանում են ինչ-որ նոր բան լսել կամ տեսնել բեմում։ Բայց պետք է պահել ավանդույթները և այդ գեղեցիկ ավանդույթների մեջ բացահայտել նոր որակներ, նոր գույներ։