Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցման են սպասում. Լոռի (տեսանյութ)
TVԼոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչները բավական վնասներ են կրել 2019-ի հունիսի սկզբի կարկտահարությունից: Հատկապես տուժել են տնամերձ հողամասերն ու ցորենի շուրջ 30-40 հա ցանքատարածությունները:
Գյուղապետ Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ մարզպետարանից եկել, վնասի չափերն են ճշտել ու գնացել ու գյուղացիները մինչ օրս սպասում են կառավարության կողմից վնասի փոխհատուցմանը:
"Գոնե պետությունը հաշվի առներ կրած վնասներն ու զրոյացներ հարկերը",-ասում է գյուղապետը, ում խոսքերով, նման պարագայոմ, դժվար է մարդկանցից հարկ հավաքելը: Գյուղը չունի նաև գյուղտեխնիկա, հարևան գյուղերից են գալիս, ավելի թանկ գնով վարուցանք անում, բերք հավաքում:
"Եթե տեղում ունենայինք, ավելի մատչելի գնով կօգտվեինք",-ասում է Վլադիմիր Գրիգորյանը: Նա ճարահատյալ է մնում գյուղում. չի ուզում մենակ թողնել տարեց տատին ու պապին, այլապես համալրած կլիներ գյուղը լքած հարյուրավոր համագյուղացիների շարքերը: Գյուղը չունի մանկապարտեզ,-ասում է Շուշանիկ Գալոյանը, երեխաները, որը Սպիտակ է մանկապարտեզ գնում, որն էլ մնում տանը:
Գյուղապետը ամենացավոտ խնդիրն է համարում մանկապարտեզի բացակայությունը: Անդրանիկ Հարությունյանը կտրականապես հերքում է իր դեմ հարուցված քրեական գործով իրենց վերագրվող մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու զրպարտանք: Նրա խոսքով՝ գյուղում իր դեմ աշխատողներ կան, ովքեր էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հաղորդել իրավապահ մարմիններին:
Այժմ գործը նախաքննության փուլում է: Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հարթագյուղի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ.հունիսը, նույն համայնքի 2 տեխնիկական աշխատակիցներին թույլ է տվել չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման փաստաթղթեր:
Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անուններով ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 7, 5 մլն. դրամ աշխատավարձի գումարները:
Loritv.am