«Ոնց հասկանում եմ՝ սա ուղղակի դավադրություն է վարչապետի դեմ». Հայաստանը դառնում է մեքենաների գերեզմանոց․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Մեր կառավարության որոշմանն եմ ծանոթանում:
Վարչապետը Հայաստանում չէր, և ոնց հասկանում եմ՝ սա ուղղակի դավադրություն է իր դեմ: Ուզում եմ հասկանալ, թե ո՞վ է այդպիսի բան մտածել, երբ դիմացը դեռ երեք ամիս կա (նկատի ունի հունվարից ԵԱՏՄ տարածքում գործող մաքսազերծման միասնական դրույքաչափերը-խմբ.), մոտ 50 000 մեքենա պետք է ներկրվի Հայաստան, որոշվում է, որ այդ մեքենաները պետք է մնան Հայաստանում:
Բացատրեմ. եթե Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները պետք է տրանզիտ համարանիշներով մեքենաները Հայաստանից արտահանեն, դա նրանց ձեռք չի տալիս, ստիպված կլինեն մաքսազերծել մեքենաները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, երբ հետաքրքրվում ենք, թե ավտոներկրողների համար ինչ հավել յալ բարդություններ կառաջացնեն ավտոմեքենաների հաշվառման հետ կապված որոշման մեջ կառավարության կատարած փոփոխությունները:
Խոսքն այն մասին է, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները այլևս չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել։
Եթե նախկինում ժամանակավոր գրանցման հիման վրա մեքենան գնում էին, կանգնեցնում հաշվառման և երկրից դուրս հանում, ապա հիմա պետք է կա՛մ տրանզիտ համարներով դուրս հանեն, ինչը ենթադրում է, որ ստիպված են լինելու մաքսազերծել մեքենան, կա՛մ ՀՀ կացության քարտ ունենան, որպեսզի մեքենան արտահանեն հայկական համարներով և չմաքսազերծեն:
Հովհաննիսյանը նշում է՝ մեքենաներ ներկրելը խրախուսել է կառավարությունը: «Ասել է՝ կարող եք միայն անձնագրով, առանց հարկային դաշտում գտնվելու, անսպառ մեքենա ներկրել, բայց հենց առաջին մեքենան ներկրելու դեպքում հարկ է գանձում, եթե անգամ մարդը մեքենան ներմուծում է անձնական օգտագործման համար, միևնույն է՝ հարկային մարմինները գումար են գանձում:
Սա խրախուսել է կառավարությունը, և ամբողջ ազգը զբաղվում է մեքենաների առք ու վաճառքով: Մինչև հունվարի մեկը սպասվում է, որ 50 000 մեքենա է ներմուծվելու Հայաստան, որից 70 տոկոսն արտահանվելու է Ղազախստան և Ռուսաստան:
Հիմա այս օրենքով, երբ ասում են՝ մեքենաները պետք է արտահանեն տրանզիտ համարանիշներով, այդ մեքենաները մնալու են Հայաստանում:
Միության նախագահն ասում է՝ կառավարությունը ղազախներից և ռուսներից պահանջում է կացության կարգավիճակ: «Բայց իրենք մշտական չեն գրանցվի:
Հիմա մեքենաներն արտահանում են հայերի անունով՝ հայկական համարներով:
Իսկ այս դեպքում մեքենաները տրանզիտ համարներով կարտահանեն, մաքսազերծումից հետո դրանք կընկնեն թանկ՝ ԵԱՏՄ տարածքում գործող մաքսային դրույքաչափերի տակ:
Դրա համար էլ հայկական համարներով են մեքենաները տանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Նա նաև լուրջ խնդիր է համարում այն, որ շատերը, ընդ որում՝ ոչ միայն ավտոներկրողները, մեքենաներ են գնել, դրանք ճանապարհին են, սակայն Հայաստան չեն կարող հասնել մինչև այս տարվա վերջը, ուստի հունվարից սկսած ներմուծվելու դեպքում կընկնեն ԵԱՏՄ մաքսազերծման միասնական դրույքաչափերի տակ:
«Մենք հինգշաբթի օրը ժամը 14.30-ին հազարավոր քաղաքացիներով հավաքվելու ենք կառավարության դիմաց՝ պահանջելով, որ կառավարությունը չեղարկի իր այս որոշումը, քանի որ, այսպես, թե այնպես, հունվարի մեկից մեքենաներն առանց տրանզիտ համարանիշի Հայաստանից դուրս չեն գալու»,-եզրափակում է Տիգրան Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում