Թոխատյանը սիրում է Մոսկվան, բայց Երևանը նրա համար կյանք է
International newsvm.ru-ն իր ««Վերջինը Մոհիկյաններից» հեռուստասերիալի աստղ. Մոսկվան իմ քաղաքն է» վերնագրով հոդվածում գրում է, որ «Վերջինը Մոհիկյաններից» հեռուստասերիալը հայ դերասան Հրանտ Թոխատյանին հայտնի է դարձրել ռուս հեռուստադիտողին: Հիմա սիրելի դերասանին հեռուստադիտողը շուտով կտեսնի «Իվանովներ-Իվանովներ» հեռուստասերիալում, որի նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա աշնանը СТС հեռուստաալիքով:
Ըստ Թոխատյանի, ինչպես «Վերջինը Մոհիկյաններից» հեռուստասերիալը, այնպես էլ «Իվանովներ-Իվանովներ»-ը սիրված են հեռուստադիտողների կողմից, քանի որ երկուսն էլ բարության և ընտանիքի մասին են, և դրանք կարելի է դիտել երեխաների հետ միասին՝ ամբողջ ընտանիքով: Թոխատյանը նաև պատմել է, որ չնայած ինքը ապրում է Երևանում, սակայն Մոսկվան էլ իր քաղաքն է, և ինքը Մոսկվա է գնում այնպես, կարծես թե տուն գնալիս լինի:
Այնուամենայնիվ, Երևանը նրա համար կյանք է: Արթնանում ես առավոտյան և զգում, որ այդ քաղաքը բուրում է սուրճով և արևով: Երևանը տաքանում է անգամ այնտեղ բնակվող մարդկանց աչքերից: Այն շատ համակրելի և նազելի քաղաք է:
Երևանը Թոխատյանի համար, կարծես, թթվածնի այնպիսի մեծ պարկ է, առանց որի անհնար է ապրել, այդ իսկ պատճառով ինքը երբեք չի մտածել լքել այն, և չնայած շատերն են հեռանում Հայաստանից, բայց ինքը երբեք դա չի անի:
Կամո Խաչիկյան