Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը քաղաքավարական ժեստ է եղել
InterviewԹեև Հայաստանում ՌԴ դեսպանատունը ո՛չ հաստատել և ո՛չ էլ մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը, սակայն, քաղաքական շրջանակներում այն դարձել է բուռն քննարկման թեմա:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն անդրադառնալով այդ հանդիպմանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ նախագահի հանդիպումը Բ. Քոչարյանի հետ ընդամենը քաղաքավարական բնույթ է կրել: Ինչ վերաբերում է քաղաքական քայլին, ապա այդտեղ էթիկայի հստակ կանոններ կան, որը Պուտինը չի շրջանցել:
«Միայն Հայաստանում է, որ քաղաքական գործիչներին կարող են որպես ընկեր, եղբայր, քույր կամ բարեկամ ընդունվել ու ներկայացվել: Պաշտոնյաների միջև ընկերությունը պաշտոնավարման ենթատեքստում պետք է դիտարկել, իսկ պաշտոնավարումից հետո նման ընկերությունն ավարտվում է: Գեներալ Շարլ Դը Գոլն ասում էր՝ քաղաքացիները պարտավոր են ընկերներ լինել, իսկ պետական պաշտոնյաները՝ երբեք:
Պաշտոնավարումից հետո ընկերությունը շարունակելը գողապետության շարունակություն է նշանակում, դրանից բխող բոլոր հետևանքներով: 2016 թվականի հուլիսի 3-ի «Շպիգել» գերմանական ամսագրին տված հարցազրույցում Սերգեյ Կարագանովը, որին անվանում են Պուտինի անձնական խորհրդական, ասել է, որ Ռուսաստանն իր մերձավոր երկրների էլիտաներին սկսել է գնել, և կարողացել է դա անել: Սա խորը մտորելու առիթ է: Ու, չնայած, այս ընթացքում բավական ջանք գործադրեցին, որպեսզի Պուտին-Քոչարյան հանդիպել-չհանդիպելը մտցնեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ենթատեքստ, սակայն, բարեբախտաբար, ՌԴ նախագահն այնքան ողջախոհություն ունեցավ, որ չմտավ այդ դաշտ: Դա սոսկ քաղաքավարական բնույթ ունեցող հանդիպում էր, որին պետք չէ քաղաքական ենթատեքստ հաղորդել»,- ասաց Լ. Շիրինյանը:
Արմինե Գրիգորյան