Ավելի քան 60 խոչընդոտի վերացման հարցը ներառվել է ԵԱՏՄ-ի օրակարգում. Փաշինյան
EconomicsԱվելի քան 60 խոչընդոտի վերացման հարցը ներառվել է ԵԱՏՄ-ի օրակարգում, դրանց համատեղ լուծումը կիրականացվի քայլ առ քայլ: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում, պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ԵԱՏՄ-ում առկա խնդիրները պետք է լուծվեն նաեւ Հայաստանի կողմից:
Վարչապետը նշեց, որ մեկ տարի է անցել այն պահից, երբ ԵՏՀ-ն ֆիքսեց, որ ԵԱՏՄ-ում ավելի քան 60 խոչընդոտ կա:
«Այդ խոչընդոտները կապ ունեն օրենսդրության եւ կարգավորման հետ: Դրանք չպետք է լինեն ԵԱՏՄ ընդհանուր տրամաբանության մեջ, սակայն շարունակում են գոյություն ունենալ: Հենց ԵԱՏՄ մարմիններն են հայտարարում, որ այդ հարցերն ամբողջովին լուծված չեն: Եվ այդ 60 խոչընդոտը ներառվել է մեր համատեղ աշխատանքի օրակարգում, մենք դրանք կլուծենք քայլ առ քայլ»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ անհնար է դրանք միաժամանակ լուծել, քանի որ խոսքը տարբեր երկրների օրենքների ներդաշնակեցման մասին է: