Ի՞նչ է «եփվում» գազի գնի հարցով. աստիճանաբար՝ «դրականի» զուգորդմամբ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաև քաղաքացիներին հուզող այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը և Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան և հանրությանը այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ:
Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:
Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան- Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:
Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա:
Ստացվում է, որ մոտ արդեն 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն:
Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։
Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք:
Բացատրենք:
Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլևս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն, ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով:
Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին:
Տեսե՛ք, կասեն, այսքան բանակցեցինք ու «արդյունքի» հասանք:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, փոխվարչապետի խոսքը բավականին ենթատեքստային է: Ի սկզբանե հայտարարվել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ:
Հիմա ասվում է, որ այնպես չի լինի, որ այսօր պայմանավորվածություն ձեռք բերվի ու հաջորդ ամսից գազի գինը բարձրանա:
Սա նշանակում է մի բան, որ գազը կթանկանա մոտավորապես գարնանից, և դա էլ կհրամցվի որպես լավություն, թե՝ ամեն ինչ արեցինք, որ ձմռանը միանգամից չթանկանա գազը, այլ գոնե մարտի կամ ապրիլի 1-ից, որ միանգամից զգալի չլինի մարդկանց համար:
Ստացվում է, որ ներկա իշխանությունները, որոնք ամեն առիթով գլուխ են գովում, թե հանրությունից թաքցնելու բան չունեն և թափանցիկ են աշխատում, հասարակությանը տեղյակ չեն պահում, թե ինչ է եփվում գազի գնի հարցով։
Եթե գազի գինն իրոք թանկանալու է, ապա արդեն իսկ պետք է բնակչությանը նախապատրաստել դրան և փորձել տարբեր գործիքների կիրառմամբ մեղմել դրա ազդեցությունը։
Բայց չենք կարծում, թե այստեղ խնդիրը ինչ-որ դավադրապաշտական գործընթացներն են: Պարզապես կարելի է ենթադրել, որ վերոնշյալ պատճառներով հասարակությանը դրան պատրաստում են աստիճանաբար:
Որպեսզի ծանր լուրն ուղեկցվի դրական էմոցիաներով՝ մեծ «լավությամբ»:
Սակայն երևի թե չարժե ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, քանի որ, այսպես, թե այնպես, գազի գնի թանկացումը ոչ միայն հանգեցնելու է երկրում ապրանքների և ծառայությունների կտրուկ թանկացման, այլև բողոքի մեծ ալիք է բարձրացնելու, իսկ բողոքավոր քաղաքացիներն իրենց պահանջներն ուղղելու են միայն մեկ՝ կառավարության ուղղությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում