WCIT-2019 համաժողովը՝ իշխանությունների շարունակականության դրական օրինակ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին Երևանում ընթանում է WCIT2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որն ինքնին շատ խոշոր իրադարձություն է:
Ողջ աշխարհի ՏՏ հանրության ուշադրությունը սևեռված է համաժողովի, ըստ այդմ՝ Հայաստանի վրա:
Ընդունենք, որ սա իսկապես կարևորագույն հնարավորություն է մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու:
Նշենք, որ 1978 թվականին ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։
Համաժողովը տարբեր երկրներում տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, իսկ 2017 թվականից արդեն՝ տարին մեկ անգամ:
Այն աշխարհի խոշորագույն ՏՏ միջոցառումն է, և համաժողովի անցկացման օրերին այն մեկ հարկի տակ է հավաքում առաջատար ընկերությունների, ուսումնական, գիտական և հետազոտական կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև տարբեր պետությունների բարձրագույն ներկայացուցիչների:
Դեռևս 2014 թվականին Հայաստանը հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար, և WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել էր 2014 թ. սեպտեմբերին Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում:
Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ:
Պատահական չէ, որ տևական ժամանակ խոսվում է համաժողովի աշխատանքները ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և դրա անցկացումից Հայաստանի համար ակնկալվող օգուտների մասին:
Ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ համաժողովին մասնակցելու են Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարությունները, և մասնավորապես խոսվում էր, թե, որպես բանախոս, ներկա են լինելու նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
Անգամ հաստատվեցին այն տեղեկությունները, թե բանակցություններ են ընթանում Օբամայի գրասենյակի հետ: Սակայն նշված անձինք այդպես էլ չմասնակցեցին Երևանում ընթացող համաժողովին:
Նշենք, որ տարբեր տարիներին համաժողովի բանախոսներ են եղել ՏՏ ոլորտի՝ ամբողջ աշխարհում հայտնի այնպիսի նորարարներ և պետական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը, Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելլը և ուրիշներ:
Նշանակալից է, որ Երևանում անցկացվող համաժողովի բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը և ՏՏ խոշոր ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ և այլ փորձագետներ, սակայն հարկ է նշել, որ, ցավոք, հնարավոր չդարձավ ապահովել ՏՏ ոլորտում հայտնի համաշխարհային ընկերությունների ղեկավարների և աշխարհում ճանաչում ունեցող գործիչների ավելի մեծ մասնակցություն:
Ավելին՝ հնարավորություն կար, որ Երևանում անցկացվող համաժողովը այլ երկրներում անցկացված համաժողովներից առանձնանար աշխարհահռչակ բանախոսների մեծ կազմով, ինչը յուրահատուկ փայլ կհաղորդեր Հայաստանում անցկացվող համաժողովին և այն այդ առումով կդարձներ եզակի:
Բացի այդ, Երևանյան համաժողովին ներկա է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից, այնինչ կարելի էր ու հնարավոր էր ապահովել մասնակցության ավելի մեծ շրջանակ:
Օրինակ՝ հաջորդ տարի նախատեսվող WCIT2020-ին, որն անցկացվելու է Մալազիայում, արդեն իսկ աշխատանք է տարվում, որ համաժողովին մասնակցի 4000 մասնակից աշխարհի 80 երկրներից:
Այս ամենով հանդերձ, Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, և կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ համաժողովը, բացի ցուցադրական էֆեկտից, ունենա նաև գործնական հետևանքներ, իսկ դրա համար պետք է արտերկրյա ՏՏ ընկերություններին ներկայացնել Հայաստանի ՏՏ ներուժը, մեր երկրում գործունեություն ծավալելու բարենպաստ միջավայրը և պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում այդ ընկերությունների մասնաճյուղեր բացելու ուղղությամբ:
Հ.Գ.-Ի դեպ, այս համաժողովը պետք չէ գրանցել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանությունների հաշվեկշռում: Սա շարունակականության պարզ ու գովելի օրինակ է, որտեղ իրենց ուրույն դերակատարությունն են ունեցել բոլորը՝ թե՛ նախաձեռնած ու նախապատրաստած նախկինները, թե՛ մանր թերությունները չհաշված՝ բավական հաջողությամբ իրականացրած ներկաները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում