Մի համաժողովի անցկացումից հետո չպետք է դափնիների վրա ննջել․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հոկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում ընթացավ WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն էր և կարող է խթան հանդիսանալ տեխնոլոգիական առումով Հայաստանի հետագա զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար։
WCIT-2019-ը Երևանում տեղի է ունենում այն ֆոնին, երբ ՀՀ կառավարությունը արդեն տարիներ շարունակ ՏՏ ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն։
Եվ սա պատահական չէ, քանի որ ՏՏ ոլորտը տարեկան միջինը 25 տոկոս աճ է արձանագրում։
Սակայն այսպիսի աճի տեմպեր գրանցվում էին դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից, երբ երկրում իշխանափոխություն տեղի չէր ունեցել, և, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո էլ ՏՏ ոլորտը նույն կերպ, իներցիայով զարգանում է։
Տեխնոլոգիական ոլորտի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Հայաստանի շրջափակման պայմաններում, առանց կառավարության հատուկ աջակցության էլ շարունակում է զարգանալ։
Կառավարության հիմնական աջակցությունը ՏՏ ոլորտին կարող է լինել արտոնությունների տրամադրումը և հարկերից ազատումը։
Իսկ Հայաստանում ոլորտի ընկերությունները արտոնություններ ստացել են դեռևս 2014 թվականին, մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ։
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ՏՏ ոլորտին տրամադրվող արտոնությունների տրամադրումը նախկին իշխանություններից եկող նախաձեռնություններ են, ներկայիս իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել որպես իրենց հիմնական ձեռքբերում։
Իհարկե, ներկաները միջոցառումը իրականացրել են բարձր մակարդակով, սակայն տարակուսելի է, որ ոչ մի բառով ակնարկ անգամ չհնչեց նախաձեռնողների ու նախապատրաստողների մասին:
Բայց սա այլ թեմա է:
Ուշագրավ է, որ տնտեսության վերաբերյալ ներկայիս իշխանությունների հիմնական շեշտադրումները վերաբերում են բացառապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը այն դեպքում, երբ այս ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը։
Իհարկե, ՏՏ ոլորտը շատ կարևոր է երկրի զարգացման տեսանկյունից, սակայն պետք է հատուկ ուշադրության արժանանան նաև տնտեսության այլ ճյուղերը ևս՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը և այլն։
Անհրաժեշտ է տեխնոլոգիական նորարարությունները փորձել կիրառության մեջ դնել նաև տնտեսության այլ ճյուղերում։
Սա կարևոր քայլ կարող է լինել տնտեսության դիվերսիֆիկացման համար, քանի որ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և մրցակցության խորացման արդյունքում հնարավոր է ՏՏ ոլորտի աճը Հայաստանում դանդաղի կամ դադարի, և պետք չէ այնպես անել, որ մեր տնտեսությունը հիմնականում կախված լինի տնտեսական այս ուղղության զարգացումներից։
Բացի այդ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ՏՏ ոլորտը միայն մի ուղղությամբ չզարգանա, այլ այդ զարգացումը բազմաճյուղ տեսք ստանա, որպեսզի առաջընթացը կախված չլինի միայն մի ճյուղի ներսում առկա գործընթացներից։
Կառավարության հիմնական քաղաքականությունը պետք է լինի այնպիսի մոտեցումը, որ տարբեր հայտնի տեխնոլոգիական ընկերություններ Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացեն, իսկ նրանց գործունեությունը ընթանա մրցակցային միջավայրում։
Մյուս կարևոր խնդիրը, որին պետք է լուծում տա կառավարությունը, որակյալ մասնագետների խնդիրն է, քանի որ ՏՏ ոլորտի տևական աճի արդյունքում մասնագետների պակաս կարող է առաջանալ։
Ուստի պետք է հասկանալ, թե մասնագետների ինչ պահանջարկ կա, և դպրոցներում ու բուհերում համապատասխան կրթական ծրագրեր ներդնել։
Այնպես որ, կառավարությունը չպետք է բավարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմամբ և դափնիների վրա հանգստանա, այլ պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի հետագա տարիներին Հայաստանը միջազգային հարթակում կարողանա պահել իր տեխնոլոգիական իմիջը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում