Հայկական գորգերը՝ ի ցույց աշխարհին
International newskavkaz-uzel.eu-ն «Լեռնային Ղարաբաղում անցկացվել է գորգերի ցուցահանդես» վերնագրով հոդվածում գրում է, որ Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում առաջին «Վիշապների խաղ» գորգերի ցուցահանդեսը, որում ներկայացվել են տեղական արհեստավորների կողմից հայկական ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված 130 գորգ:
Ցուցահանդեսում ցուցադրվել են գորգերի ստեղծման գործընթացի փուլերը, և այցելուները նույնիսկ կարող էին իրենց ձեռքով փորձել դա կատարել:
Տեղի է ունեցել նաև սեմինար` նվիրված հայկական գորգերի պատմությանը, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:
Բացի այդ, կայացել է համերգ՝ Լեռնային Ղարաբաղի երգի և պարի պետական համույթի մասնակցությամբ:
Ցուցահանդեսը կոչվել է «Վիշապների խաղ», քանի որ վիշապը կարևոր պատկեր է հայկական գորգերի կոմպոզիցիայում և հայկական բանահյուսության մեջ: Ցուցահանդես են այցելել ոչ միայն տեղի բնակիչները, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Ցուցահանդեսում ներկայացված 130 գորգերը պատրաստվել են բացառապես ձեռքով` օգտագործելով առանձնահատուկ տեխնոլոգիա, և գորգերը հյուսվել են հին հայկական գորգերի ճշգրիտ կրկնօրինակումներով:
Արդյունքում յուրաքանչյուր գորգ ստացվել է առանձնահատուկ՝ մանրակրկիտ մտածված թեմայով, դիզայնով և ձևավորմամբ:
Այս ամենն իրականացնելու համար մասնագետները ուսումնասիրել են գորգերի պատմությունը, զբաղվել են տարբեր թանգարաններում և հավաքածուներում հայկական գորգերի որոնմամբ: Որպես հումք օգտագործվել են ոչխարի բրդից պատրաստված թելեր: Ցուցահանդեսը կոչված էր ժողովրդականացնելու «մշակութային ժառանգությունը»:
Կամո Խաչիկյան