Կարևորը՝ ֆոն ապահովել ներկայում, իսկ ինչ կլինի վաղը, պատկերացում չունեն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Քանի որ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից ի վեր մեծ խոստումներ է տալիս, սակայն չի կարողանում դրանք իրականություն դարձնել, ստիպված է ժամանակ շահելու գործելակերպ որդեգրել:
Իսկ որպեսզի հնարավոր լինի ժողովրդին հույսով անել, որ նորից զինվեն համբերությամբ, վարչապետը փորձում է փոքր իրադարձությունը ներկայացնել որպես խոշոր ձեռքբերում կամ սենսացիա և ցույց տալ, որ պետք չէ հուսալքվել:
Իսկ վերջին իրադարձություններից մեկը, որը կառավարությունը ցանկանում է ներկայացնել որպես աննախադեպ և չտեսնված ձեռքբերում, 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքն է հայկական ավիաշուկա:
Ու պարզվում է, որ թռիչքներն իրականացվելու են Գյումրիի օդանավակայանից, իսկ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո:
Եվ այսպիսի էժան ավիատոմսերի թեմայի շուրջ կառավարության ներկայացուցիչները փորձում են անգամ լեգենդներ հյուսել ու թմբկահարել, կարծես թե մեր երկրում ինչոր խոշոր արտադրամաս է ստեղծվել, որը մեծաթիվ մարդկանց աշխատանքով է ապահովելու:
Առաջին հայացքից թվում է, թե հայկական ավիաշուկա մուտք ունենալով՝ արդեն Ryanair ավիաընկերության հաջողությունը Հայաստանում ապահովված է, իսկ մարդիկ էլ, հաշվի առնելով ավիատոմսերի էժանությունը, հերթի կկանգնեն տոմսերի համար:
Սակայն արժե հիշել, որ «Պոբեդա» ավիաընկերությունն էլ նույնպես մեծ աղմուկով մուտք գործեց հայկական շուկա, ավելին՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին կատարեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի իր առաջին թռիչքը՝ վաճառելով 7500 դրամ արժողությամբ տոմսեր:
Բայց ներկայումս «Պոբեդա» ավիաընկերությունը խնդիրներ ունի, և պատահական չեն մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ռուսական այս ավիաընկերությունը ցանկանում է լքել հայկական ավիաշուկան:
Ուրեմն, լավ կլինի, որ կառավարությունը սպասի Ryanair-ի գործունեության արդյունքներին, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ, թե չէ հիմա տպավորություն է առաջանում, թե գործադիրը «ձուկը ջրում բազար է անում»:
Կառավարությունը նաև խոշոր ձեռքբերում է համարում այն, որ աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում և փորձ է կատարվում ցույց տալ, թե դրա հիմնական պատճառը մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն է:
Սակայն booking. com-ի կողմից առաջարկված ամենապահանջված ուղղությունների շարքում Երևանի ներառումը դեռևս երաշխիք չէ, որ 2020 թ. զբոսաշրջիկների աննախադեպ աճ ենք ունենալու:
Ճիշտ է՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աճ է գրանցում, սակայն այդ ցուցանիշները դեռևս բավարար չեն՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած պոտենցիալը:
Զբոսաշրջության բնագավառում կան բազմաթիվ խնդիրներ՝ ծառայությունների որակից սկսած:
Իսկ երբ կառավարությունը կկարողանա լուծել խնդիրները ու տուրիստների մեծ ներհոսք ապահովել, այդ ժամանակ էլ կարող է հանրության դատին ներկայացնել իր ձեռնարկած քայլերի արդյունքները:
Ինչպես տեսնում ենք, իշխանությունը փորձում է հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշներ գտնել, կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները, կարևորը՝ ֆոն ապահովել քաղաքացիների համար ներկայում, իսկ ինչ կլինի վաղը, իրենք պատկերացում չունեն, քանի որ երկրի զարգացման հարցում չկա հատուկ ռազմավարական մոտեցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում