Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել
SportՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարական է տվել: Տեղեկությունը պաշտոնական կայքում հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ, ըստ մասնագետի, հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Նշվում է նաեւ, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։
«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»,- ասել է Վանեցյանը։
Գյուլբուդաղյանցի նկատմամբ քննադատության թեժ ալիք բարձրացավ այն բանից հետո, ինչ օրերս Եվրո 2020-ի ընտրական փուլի 7 եւ 8-րդ տուրերում ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (1:1) ու պարտվեց Ֆինլանդիային (1:3): Բացի դժգույն խաղից ու վատ արդյունքից՝ երկրպագուներին զայրացրել էր նաեւ այն, որ թիմը զրկվեց Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելու ունեցած հնարավորությունից: Պահանջում էին նրա հրաժարականը: Այս ընտրական ցիկլում Հայաստանը դեռ 2 հանդիպում ունի: Նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին, 3 օր անց կհյուրընկալվի Իտալիային:
Գյուլբուդաղյանցը հավաքականի ղեկն ստանձնել է 2018թ. հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 12 հանդիպում: Տարել է 5 հաղթանակ, կրել է 5 պարտություն, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: