Նոր աշխատատեղերի ստեղծման հարցում «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանափոխության արդյունքում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի էական փոփոխություն այդպես էլ տեղի չի ունեցել:
Եվ որպեսզի վարչապետ Փաշինյանը ժողովրդին ցույց տա, թե կառավարությունն աշխատում է իրավիճակը փոխելու ուղղությամբ, ժամանակ առ ժամանակ որոշակի թվային ցուցանիշներ է հրապարակում: Շատ հաճախ վարչապետի ներկայացրած ցուցանիշները չափազանցված են ու միակողմանի, և այնպես չէ, որ այդ թվերը ամեն անգամ քաղաքացիները հալած յուղի տեղ են ընդունում:
Այս անգամ էլ վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ներկայումս Հայաստանում գործազրկությունը կազմում է 17,7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2,5 տոկոսով: Սակայն հետաքրքրական է, որ միևնույն ժամանակ Փաշինյանը չի նշել, թե որքան է ավելացել աշխատատեղերի քանակը, որ հանգեցրել է գործազրկության նվազման:
Թերևս աշխատատեղերի բացման վերաբերյալ ցուցանիշի հրապարակումը վարչապետին ձեռնտու չէ, դրա համար էլ չի հրապարակել, իսկ մամուլում մասնագետները փաստերի հիման վրա ցույց են տալիս, որ գործազրկության նվազումը տեղի է ունեցել գործազուրկ քաղաքացիների արտագաղթի հաշվին: 2019 թվականի 2-րդ եռամսյակում՝ 1-ին եռամսյակի համեմատ 51 500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որից 46 400-ը գործազուրկ են: Եթե բավարար քանակով աշխատատեղեր ստեղծված լինեին, ապա գործազուրկները ստիպված չէին լինի բռնել արտագաղթի ճանապարհը:
Ստացվում է, որ իրականում գործազրկության նվազում տեղի չի ունեցել, քանի որ աշխատատեղերի զգալի ավելացում չկա, դրա համար էլ կառավարությունը ստիպված է ստվերից դուրս բերված աշխատատեղերի քանակը ներկայացնել որպես արդյունք, սակայն սա մանիպուլ յատիվ բնույթ ունի: Կառավարությանը չի հաջողվել աշխատաշուկայի ընդլայնում ապահովել: Եվ 2019 թվականին զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի է տեղավորվել ամսական ընդամենը 140 աշխատանք փնտրող, ինչը շատ փոքր ցուցանիշ է:
Նոր աշխատատեղերի ստեղծման համար կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեր, որպեսզի արտերկրից ներդրումներ ներգրավվեին, բիզնես գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծվեր, հարկային դաշտը պարզեցվեր, և ընկերությունները շահագրգռված լինեին մեծ անձնակազմ պահելու հարցում: Սակայն գործադիրն իր անգործությունն արդարացնելու համար մատնանշում է, թե երկրում մեծաքանակ թափուր աշխատատեղեր կան, բայց քաղաքացիները ծույլ են և չեն ուզում աշխատել, որ նպաստից չզրկվեն:
Իրականում այդ թափուր աշխատատեղերում պահանջվող աշխատանքի դիմաց վճարը այնքան ցածր է, որ մարդիկ նախընտրում են չաշխատել:
Բացի այդ, գործատուները աշխատանքի ընդունման համար այնպիսի բարձր և բազմապիսի պահանջներ են դնում, որին բավարարելը շատ բարդ է:
Դրան գումարած՝ աշխատողների շրջանում հիասթափություն է առաջանում կապված նրա հետ, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց աշխատանքի արդյունքները պետության համար այնքան էլ տեսանելի չեն, երկրում գործող միջին աշխատավարձի համեմատությամբ աստղաբաշխական չափերի պարգևավճարներ են ստանում, չհաշված անհամար և արդյունավետության տեսանկյունից կարևորություն չունեցող գործողումները, որոնք պետության վրա մեծ ֆինանսական բեռ են դառնում:
Եվ այս ֆոնին հիմա էլ պարզվում է, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել մոտ 1,5 միլիոն դրամ:
Իհարկե, վարչապետը կարող էր բարձրացնել նախարարների աշխատավարձը, բայց ինչո՞ւ գաղտնի, արդյո՞ք սա նման չէ նախկինների «ծրարներին», ուղղակի պաշտոնական, բայց «չերևացող»:
Նախարարները Հայաստանի պես փոքր ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկրի համար բավական մեծ չափով աշխատավարձ են ստանում, և անհասկանալի է, թե կոնկրետ որ արժանիքների համար են պարգևատրվում նրանք, իսկ հազարավոր այն աշխատավորները, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, պետք է բավարարվեն իրենց ստացած գրոշներով:
Ուստի այսպիսի պայմաններում լիովին հասկանալի է մարդկանց այն մոտեցումը, որ ավելի լավ է չաշխատեն կամ էլ գոնե բարձր վարձատվրող աշխատանքի ակնկալիք ունենան արտասահմանում:
Մենք կարծես սկսում ենք վերադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների հայտնի խոսքին. «Աշխատեմ՝ ընտանիքս ո՞վ պահի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ