«Պետությունը որտեղի՞ց թատրոնն ու ներկայացումները ֆինանսավորի, պետք է բյուջեում փող լինի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը չի կիսում իր շատ գործընկերների այն կարծիքը, որ մշակույթում ներկայումս ճահճացում է, և առաջընթաց չի գրանցվում:
«Հակառակը՝ հիմա բավական բուռն զարգանում է ոլորտը: Նոր ներկայացումներ են բեմադրվում, թատերական արվեստը լավ վիճակում է, ֆիլհարմոնիկում համերգային ծրագրերը հաջորդում են իրար:
Էլ չեմ խոսում հեռուստատեսային սերիալների մասին, որոնք շատ են և տարաբնույթ: Այնպես որ, մշակույթը նորմալ վիճակում է և միշտ էլ նորմալ վիճակում է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանուհին:
Անդրադառնալով դժգոհություններին, որ սերիալներն աչքի են ընկնում անորակությամբ, Բաբայանն ընդգծում է՝ սերիալներից այդքան շատ որակ մի պահանջեք:
«Դրանք գեղարվեստական ֆիլմեր չեն: Սերիալներում անընդհատ աշխատում են, որ հասցնեն: Եթե գեղարվեստական ֆիլմն ամիսներով ու տարիներով էին նկարում, ապա սերիալները շատ արագ են նկարում, այդ պատճառով այս երկուսը համեմատելի չեն:
Աշխատանքային տեմպի պատճառով որակն, իհարկե, տուժում է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատում են: Ինքս էլ զբաղված եմ լինում տարբեր սերիալների նկարահանումներում, բայց երբեմն չեմ դիմանում, քանի որ ամբողջ գիշեր կարող ենք նկարահանում իրականացնել:
Իհարկե, հաճելի կլինի, որ դրանք որակյալ լինեն: Այդպիսի օրինակներ ունենք՝ «Թղթե երազանքը», «Վերջին ուսուցիչը»:
Գիտեք՝ շատ բան կախված է նաև սցենարիստից: Եթե սցենարը լավն է լինում, դերասանները, ռեժիսորը և առհասարակ ստեղծագործական խումբը շատ լավ են աշխատում:
Բայց եթե սցենարը հաջող չի, գրվում է մեկ օրվա մեջ, պարզ է, որ որակն էլ պետք է այդպիսին լինի: Ասեմ՝ երբ վերցնում են գեղարվեստական գործ և դրա հիման վրա սցենար գրում, ժողովուրդն էլ է իսկույն նկատում որակական տարբերությունը»,նշում է Բաբայանը:
Որակի մասին խոսելիս նա մտաբերում է, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին թատրոններում բոլոր ներկայացումները պետք է նախապես դիտեին նախարարությունից հրավիրված ներկայացուցիչները, թատերագետները:
«Հիսուն տարուց ավելի է, ինչ մշակույթի ոլորտում եմ աշխատում:
Այն ժամանակ, երբ ներկայացում էինք պատրաստում, մինչև նախարարության ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները չդիտեին և «չընդունեին» այդ ներկայացումը, այն բեմում չէր հայտնվի:
Հիմա նման բաներ չկան»,-ասում է Բաբայանը:
Հարցին՝ իսկ այժմ մշակույթի ոլորտում պետության հոգածությունը զգո՞ւմ եք, Բաբայանն ասում է՝ այս խառը վիճակում ի՞նչ զգանք:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ուզում է անել, որ լավ լինի, մնում է՝ չխանգարեն: Ես լավատես եմ, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:
Այս ամենի հետ մեկտեղ դերասանուհին ընդգծում է՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ինքը ներկայումս աշխատում է, աշխատավարձերի փոփոխություն չի եղել:
«Մեր թատրոնը պետական ֆինանսավորում ունի, աշխատավարձերի փոփոխություն դեռ չի եղել: Բացի աշխատավարձերը, լավ կլինի, եթե ավելանա նաև թատրոններին տրամադրվող պետական ֆինանսավորումը, այդ դեպքում ներկայացումն էլ ավելի որակով կլինի, չեն խնայի զգեստների, դեկորացիայի և այլ անհրաժեշտ ծախսերի վրա:
Ի վերջո, երբ ներկայացման վրա գումար է ծախսվում, այն ավելի ճոխ ու գեղեցիկ է լինում: Իսկ երբ միջոցները քիչ են, ստիպված են ծախսերն էլ կրճատել, այդ դեպքում արդյունքն էլ է այլ ստացվում:
Բայց հիմա երկրում այնպիսի վիճակ է, որ չես իմանում՝ որն է ճիշտ, որն է սխալ: Երբ մեր թալանված պետությունը ոտքի կանգնի, այն ժամանակ թատրոնն էլ լավ վիճակում կհայտնվի, մնացած ոլորտներն էլ:
Երևի թատրոնի ոլորտը միակն է, որտեղ կեղծարարություն չեն արել, ազնիվ ձևով աշխատել են, մնացածը ինչքան կարողացել են, թալանել են ու տարել:
Պետությունը որտեղի՞ց թատրոնն ու ներկայացումները ֆինանսավորի, պետք է բյուջեում փող լինի»,-եզրափակում է Ջուլիետա Բաբայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում