ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Թուրքիային ուղղված ազդեցիկ ուղերձ է պարունակում․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: 405 կոնգրեսական կողմ քվեարկեց բանաձևի ընդունմանը, դեմ էր 11-ը։
Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց:
Այսպիսի բանաձևի ընդունումը կարևոր քայլ է, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 3 տասնամյակ է, ինչ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ որոշում չի ընդունվել, իսկ վերջին բանաձևն ընդունվել էր 1984թ.-ին, որտեղ ասված է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է, սակայն նախաձեռնությունը օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը։
Ուշագրավ է, որ այսպիսի բանաձևի ընդունումը տեղի է ունենում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը խուսափում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումից՝ առաջնությունը տալով Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին։
Եվ պատահական չէ, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների սկսումից հետո ամերիկացի օրենսդիրները պնդում են, որ Անկարան նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե ԱՄՆ-ը ժամանակին պատասխանատվության կանչեր Թուրքիային մեկ դար առաջ իրագործած հանցագործությունների համար։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից անմիջապես հետո պաշտոնական Անկարան դատապարտել է այն ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:
Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:
Այսպիսով, Թուրքիան փորձում է բանաձևի ընդունմանը միայն քաղաքական ենթատեքստ հաղորդել՝ անտեսելով դրա պատմական և իրավաքաղաքական նշանակությունը։
Եթե ԱՄՆ-ը մտադիր լիներ Սիրիայի հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրել, ապա որպես աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող պետություն կարող էր գործի դնել բազմաթիվ լծակներ՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, և ստիպել Թուրքիային փոխել վարքագիծը, ու ամենևին էլ պարտադիր չէր, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդուներ։
Ներկայացուցիչների կողմից ընդունված 296 բանաձևը, չնայած օրենքի պարտադիր ուժ չունի, սակայն այն ազդեցիկ ուղերձ է պարունակում Թուրքիայի՝ պետական մակարդակով իրականացվող ժխտողական քաղաքականության դեմ։
Բանաձևում ներկայացվում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, և հիշատակվում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչելը, մասնավորապես՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թվականի ապրիլի 22-ի հայտարարությունը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 1975 թվականի ապրիլի 8-ի և 1984-ի սեպտեմբերի 10-ի համատեղ բանաձևերը:
Առավել կարևոր է, որ փաստաթղթում արձանագրվում է, թե Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:
Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում ամեն տարի ծախսվող հսկայական միջոցները, որով Անկարան նպատակ էր հետապնդում պատմական փաստերը կեղծելու միջոցով հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը, ջուրն են լցվելու, և ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իր տրամաբանական շարունակությունը՝ ընդհուպ մինչև կառավարության կողմից պաշտոնական ճանաչում, որի ուղղությամբ հայկական կողմը պետք է աշխատանքներ տանի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում