«Այդ փորձը ոչ մի երկրում դրական արդյունք չի ունեցել». ի՞նչ մտահոգություն ունի ԳԱԱ նախագահը․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում, որտեղ կա առաջարկ, որը վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելուն:
ԳԱԱ թղթակից անդամներից մի քանիսն արդեն հայտնել են իրենց մտահոգությունները նշված տարբերակի շուրջ:
«Փաստը» փորձեց նշվածի առնչությամբ ստանալ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մեկնաբանությունը:
ԳԱԱ նախագահն այս առումով կիսում է ԳԱԱ թղթակից այն անդամների դիրքորոշումները, որոնք դեմ են արտահայտվել այդ տարբերակի կյանքի կոչման հնարավորությանը, այն համարել են անթույլատրելի:
«Կտրականապես դեմ ենք, որովհետև առաջին հերթին այդ առումով կա այլ երկրների համաշխարհային փորձը: Նման տարբերակներ իրագործվել են նախկին Խորհրդային Միության տարածքի մի շարք երկրներում: Այդ փորձը ոչ մի երկրում դրական արդյունք չի ունեցել:
Սա բոլորը գիտեն, և դա գաղտնիք չէ: Սա՝ առաջին, իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այդ համակարգերն իրար հետ չի կարելի միացնել, որովհետև դրանց գործունեության, զարգացման միտումներն ուրիշ մոտեցումներ են ենթադրում, և դրանց մեխանիկական միացումից դրական էֆեկտ չի կարելի սպասել»,-մեզ հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահը:
Նա հավաստիացրեց, որ գիտությունը նման հնարավոր փոփոխությունից էապես կտուժի: «Ես նշեցի այլ երկրների փորձը:
Օրինակ՝ Վրաստանում, Ղազախստանում և մերձբալթյան երկրներում հետևանքը եղել է այն, որ գիտական համակարգը միասնական չի եղել, զարգացման հեռանկարներն անհրաժեշտ մակարդակով չեն քննարկվել, արդյունքները չեն համեմատվել:
Մի խոսքով, այդ բոլոր հանգամանքների հանրագումարը չի նպաստել գիտության զարգացմանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգություն ունի նաև այն առումով, որ այդ հնարավոր փոփոխությունը կարող է արժեզրկել այն դերը, որն ունի ԳԱԱ-ն: «Ավելին, այսպիսով ոչ միայն նսեմացվում, այլ, փաստորեն, ակադեմիան դառնում է հասարակական կազմակերպություն:
Ու սա այն դեպքում, եթե հաշվի առնենք անցած 75 տարիների ընթացքում ակադեմիայի ձեռք բերած նվաճումները, համաշխարհային գիտակրթական համակարգում ունեցած ողջ դերը, նշանակությունը և այլն»,-հավելեց Ռ. Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են արդյոք որևէ նախաձեռնությամբ հանդես գալ, թե՞ ոչ: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ընդգծեց.
«Մենք արդեն հայտնել ենք մեր քննարկումների մասին՝ կապված այդ օրենքի աշխատանքային տարբերակի մասին:
Մենք այդ առումով մեր նախնական քննարկումներն ենք արել, մեր դիտարկումներն ուղարկել ենք նախարարություն:
Քանի որ առայժմ նախագիծ չէ, այլ աշխատանքային տարբերակ, ավելի վերջնական, հիմնավոր ու համընդհանուր քննարկումներ կլինեն ավելի ուշ, երբ կունենանք նախագիծը:
Ամեն դեպքում հույս ունենք, որ նախագծում փոփոխություններն արված կլինեն՝ հաշվի առնելով հանրության կողմից արված առաջարկները»:
Զրույցի վերջում ԳԱԱ նախագահից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է ԳԱԱ այն անդամների հրապարակավ հայտնած այն մտահոգությունը, ըստ որի՝ հնարավոր փոփոխությունն ակադեմիայի դեմ սկսված շարժում է, հարցրեցինք՝ իրականում նման խնդիր կա՞, Ռ. Մարտիրոսյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող այդպիսի հետևություններ անել, ամեն մարդ ինքն է որոշում, թե դա ինչ է: Բայց, այնուամենայնիվ, իհարկե, նման է այդպիսի իրավիճակի»:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ այդպիսի մտահոգություն ինքը ևս ունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում